Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին դուր չի գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զարգացումը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ՀԱՊԿ-ը պետք է դառնա Եվրոատլանտյան տարածքում հավասարակշռություն ապահովող գործոն՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։
Սերգեյ Լավրովի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ը կշարունակի զարգանալ, ինչը, սակայն, ոչ բոլորին է դուր գալիս, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրներին։
«Վստահ եմ՝ կառույցի շրջանակում մեր քննարկումները և տարածաշրջանում անվտանգություն հաստատելու նախաձեռնությունները կհաջողեն․ իսկ ՀԱՊԿ-ի հեղինակությունն ու ձայնն ավելի նշանակալից կդառնան»,- նշել է դիվանագետը։
Նախարարի խոսքով՝ ՀԱՊԿ-ն առավելագույնս օգտագործում է այլ միջազգային կազմակերպությունների փորձը, այդ թվում՝ խաղաղության պահպանման ոլորտում։
«Կարևոր է, որ մենք առավելագույնս օգտագործենք միջազգային այլ կազմակերպությունների փորձը տարբեր ոլորտներում, կան համաձայնագրեր ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի միջև: ՀԱՊԿ-ը կապեր է հաստատում տարբեր միջազգային կազմակերպությունների հետ։ Հարաբերությունները կայունացել և հաստատվել են ՄԱԿ-ի, Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի հետ: Արդեն կապեր կան Իսլամական համագործակցության կազմակերպության, ԵԱՀԿ-ի հետ, հարաբերություններ են հաստատվում Աֆրիկյան միության, Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի հետ»:
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ «ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը վկայում է կազմակերպության ձեռքբերումների և նրա կենսունակության ճանաչման մասին»։