Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման համար անհրաժեշտ է վերսկսել երկրների միջև բանակցային գործընթացը։ Հանդիպման այդ պայմանն է ներկայացրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Զելենսկին ցանկանում է հանդիպել հանուն հանդիպման: Հիմք ենք ընդունում այն սկզբունքը, որ բանակցող թիմերը վերսկսեն աշխատանքը: Գնդակը գրեթե երկու ամիս ուկրաինացիների դաշտում է»,- ասել է Լավրովը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը։ Մարտի 29-ին Ստամբուլի Դոլմաբահչե պալատում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների վերջին դեմառդեմ բանակցությունը: Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հետ երկխոսությունը վերսկսելու՝ Ռուսաստանի պատրաստակամության մասին։