ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 8-ամյա երեխայի նկատմամբ կատարված անառակաբարո գործողությունների մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Տավուշի մարզի 58-ամյա բնակիչը, 2022 թ. մայիսի 27-ին գտնվելով ոչ սթափ վիճակում, տեղեկանալով նույն բնակավայրում բնակվող երեխայի ծնողների՝ տնից բացակայելու մասին, օգտվելով այդ հանգամանքից, անառակաբարո գործողություններ է կատարել մանկահասակ` 8-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ, սակայն հարևանուհին լսելով երեխայի օգնություն կանչելու և լացի ձայները, օգնության է հասել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Երեխան ճանաչվել է տուժող, իսկ երեխայի մայրը՝ տուժողի ներկայացուցիչ:
58-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ 58-ամյա տղամարդը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի որոշմամբ բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: