Վարչական դատարանը մերժել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Տեղեկությունը 1lurer.am-ին հայտնեց Գասպարյանի ներկայացուցիչ Շուշանիկ Ստեփանյանը:
«Դատարանի աշխատակազմից եմ տեղեկացել, որ հայցը մերժվել է, բայց այս պահին դատարանի որոշումը ձեռքիս տակ չկա: Մենք իրավունք ունենք դա ստանալ առձեռն. սպասում ենք, մինչև դատարանն ուղարկի: Քանի դեռ չենք ստացել, ես ձեզ ավելի հավաստի տեղեկություններ հաղորդել չեմ կարող»,- ասաց նա:
Վարչական դատարանից մեզ տեղեկացրին, որ այս պահին իրավասություն չունեն տեղեկություն տրամադրելու: Ավելի ուշ որոշումը կհրապարակվի datalex.am կայքում:
Գասպարյանը դատարան էր դիմել պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով իրեն ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով։
Նշենք՝ ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հիմքում ընկած օրենքը:
Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանն իրեն պաշտոնից ազատելու գործընթացը հակասահմանադրական էր որակել և հայտնել, որ դիմելու է վարչական դատարան։
Օնիկ Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2021 թ. մարտի 10-ին: