Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծը որսագողին կարժենա 3 մլն դրամ: Թեև այս կենդանիները պետական պահպանության ներքո են, օրերս Ուրցաձորի տարածքում հայտնաբերվել է անկենդան այծի մարմին: Թե որն է եղել բազմաթիվ վնասվածքներ ստացած կենդանու անկման պատճառը՝ դեռ չի պարզվել, նյութերն ուղարկվել են ոստիկանություն:
Անդրեաս Սարգսյան (ԲԸՏՄ Արարատի տարածքային բաժնի պետի պաշտոնակատար) - Վնասվածքներն ակնառու էին, բազմաթիվ էին, առկա էին, բայց հրազենային էին թե ինչ ծագում ունեին՝ չեմ կարող պատասխանել այդ հարցին:
Բեզոարյան այծին հայտնաբերել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցը: Կազմակերպության տվյալով՝ այդ հատվածում բեզոարյան այծերի 3-4 խումբ կա, յուրաքանչյուր խմբում 15-20 էգ և ձագեր: Տնօրեն Ռուբեն Խաչատրյանը չի բացառում, որ կենդանին վնասվածքները ստացել է բնական ճանապարհով:
Ռուբեն Խաչատրյան (Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն) - Դա կարող է լինել հարված ուրիշ բեզոարյան այծից, կարող է որևէ անհաջող թռիչքի ժամանակ վնասված լինել կամ քար գլորվել, դիպչել: Այսինքն՝ հազար ու մի բան կարող է լինել վայրի բնության մեջ, և դա բնական է:
Խաչատրյանը հիշեցնում է՝ բեզոարյան այծերը պետության պաշտպանության ներքո են, իսկ որսն արգելված է:
Ռուբեն Խաչատրյան - Դրանք շատ կարևոր են, որովհետև դա անմիջապես կապ ունի նաև այլ կենդանիների Հայաստանում գտնվելու հետ, ինչպիսիք են, օրինակ, հովազները:
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագնով՝ բեզոարյան այծի որսի կամ ոչնչացման տուգանքը 3 մլն դրամ է, սակայն իրավախախտման պատժաչափը սահմանելիս հաշվի է առնվում նաև կենդանու՝ Կարմիր գրքում գրանցված լինելու հանգամանքը:
Անդրեաս Սարգսյան - Սակագինը հնգապատկվում է, այսինքն՝ նրա արժեքը կազմում է 15 մլն դրամ:
Կենդանուն հայտնաբերելուց հետո իրավախախտման փաստն արձանագրվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնում:
Անդրեաս Սարգսյան - Բայց քանի որ իրավախախտը չկար, կազմի բացակայության հիմքով՝ վարույթը կարճվել է:
Նյութերն ուղարկվել են ոստիկանություն: Դեպքի հանգամանքներն ուսումնասիրում են իրավապահները:
Հեղինակ` Նորայր Շողիկյան