«Շնորհավորում եմ բոլորիս Սննդամթերքի անվտանգության համաշխարհային տոնի կապակցությամբ։ Օրը հռչակվել է միացյալ ազգերի կազմակերպության կողմից և նպատակ ունի ամրապնդել բոլորիս կողմից սպառվող սննդամթերքի անվտանգության ապահովման ջանքերը։
Չնայած որ վերջին տասնամյակում սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում գրանցվել են նշանակալի հաջողություններ, սննդամթերքից առաջացած հիվանդությունների համընդհանուր բեռը մնում է անտանելի ծանր։
Համաձայն վերլուծությունների` աշխարհում տարեկան մոտ 600 մլն մարդ, այսինքն՝ երկրագնդի մոտ 10%-ը, հիվանդանում, իսկ 420 հազար մարդ մահանում է ախտահարված սնունդ օգտագործելու հետևանքով։
Սննդամթերքի անվտանգությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայ բնակչության առողջության լավացման և պարենային անվտանգության ապահովման, այլև կենսագործունեության միջոցների աղբյուրների ամրապնդման, տնտեսական զարգացման, առևտրի և երկրի միջազգային հեղինակության համար։
Հաշվի առնելով, որ վարակումը կարող է տեղի ունենալ «դաշտից պատառաքաղ» շղթայի բոլոր փուլերում, սննդամթերքի անվտանգությունը համընդհանուր խնդիր է։ Համընդհանուր ասելով հասկանում ենք բոլորին` արտադրողներին, վերամշակողներին, տեղափոխողներին, պահպանողներին, վաճառողներին, սպառողներին, ինչպես նաև պետական մարմիններին։
Ինչպես ասել է մեր կառույցի լավ բարեկամը` Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետ Մերի Քենին, սպառողները կարող են դառնալ բարեփոխումների շարժիչ ուժը։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում, ի դեմս ինձ, կարևորում է սննդամթերքի անվտանգության ռիսկի գիտական գնահատումը, գնահատված ռիսկի կառավարումը և, իհարկե, ռիսկի հաղորդակցումը։ Ես վստահ եմ այս 3 բաղադրիչների համահունչ աշխատանքին. «դաշտից պատառաքաղ» շղթայի անխզելիության, մեկ առողջության գաղափարի պատշաճ ներդրման, կրթության և գիտության զարգացման պայմաններում միայն հնարավոր կլինի հասնել սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշներն։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս սննդամթերքի անվտանգության օրվա կապակցությամբ»։