ԱՄՆ-Ն ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ՝ տեղեկացնում են Սպիտակ տնից:
«Սալիվանը հայտնել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանը, անվտանգությանը և բարգավաճմանը: Նա բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական զգալի և պատմական ջանքերը՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
ԱՄՆ նախագահի խորհրդականը աջակցություն է հայտնել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններին:
Սալիվանն ԱՄՆ-ի անունից պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցելու և տարբեր միջոցներով աջակցելու գործընթացում առաջընթացի ապահովմանը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
ՍՎՅԱՏՈԳՈՐՍԿԸ ՌԴ ԶՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ Է. ՇՈՅԳՈՒ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ Սվյատոգորսկն անցել է ռուսական վերահսկողության տակ:
«Ազատագրվել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների զգալի մասը Հյուսիսային Դոնեցի ձախ ափին, այդ թվում՝ Կրասնի Լիման և Սվյատոգորսկ քաղաքները, ինչպես նաև 15 այլ բնակավայրեր»,- ասել է ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Շոյգուի խոսքով՝ ընդհանուր առմամբ, ռուսական ուժերի վերահսկողության տակ է հայտնվել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի 97%-ը: Նա ընդգծել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը «Ռուսական երկաթուղիների» հետ համատեղ վերականգնել է 1200 կմ երկաթգիծ՝ Ռուսաստանի, Դոնբասի, Ուկրաինայի և Ղրիմի միջև լիարժեք երկաթուղային կապը վերականգնելու համար:
ՌԴ-Ն ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՏԵՐՄԻՆԱԼ Է ՈՉՆՉԱՑՐԵԼ. ԲՈՐԵԼ
Ռուսաստանը ոչնչացրել է Նիկոլաև քաղաքում ուկրաինական հացահատիկի երկրորդ խոշորագույն տերմինալը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Ավելի վաղ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանին մեղադրել էր աշխարհին պարենային շանտաժի ենթարկելու համար։ Նրա խոսքով՝ Մոսկվան ռմբակոծում է ուկրաինական ամբարները, թույլ չի տալիս ցանք կատարել, ինչպես նաև փորձում է որպես զենք օգտագործել զարգացող երկրներում պարենային ճգնաժամը, որը հասունանում է պատերազմի պատճառով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վլադիմիր Պուտինին կոչ են արել վերացնել Օդեսայի շրջափակումը՝ նավահանգիստներից ուկրաինական հացահատիկ արտահանելու համար։ Ի պատասխան՝ Ռուսաստանը հայտարարել է, որ դա հնարավոր է միայն պատժամիջոցների վերացման դեպքում։
Հունիսի 8-ին էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնում է Թուրքիա։ Այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ նա քննարկելու է ուկրաինական հացահատիկի արտահանման համար միջանցք բացելու հնարավորությունը։
ՋՈՆՍՈՆԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հունիսի 6-ին տեղի է ունեցել վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու հարցով քվեարկություն: Գործընթացը նախաձեռնել էին վարչապետի կուսակիցները՝ Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության 50-ից ավելի պատգամավորներ:
Քվեարկության արդյունքում 211 խորհրդարանականներ դեմ են արտահայտվել վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկին, 148-ը՝ կողմ:
Ջոնսոնի ներքին և արտաքին քաղաքականության նկատմամբ պահպանողականները սկսել են դժգոհություն հայտնել դեռ 2021 թ. վերջին՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված սկանդալի պատճառով, երբ կառավարության անդամները լոքդաունի պայմաններում մասնակցել էին վարչապետի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված խնջույքին:
ՋՈ ԲԱՅԴԵՆՆ ԱՄՆ-ՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍԱՀՄԱՆԵԼ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է երկրում արտակարգ իրավիճակի մասին՝ կապված սպառողական պահանջարկը բավարարելու նպատակով էլեկտրաէներգիայի արտադրության համար ոչ բավարար հնարավորությունների առկայության հետ:
Բայդենը նաև գործարկել է ռազմական նշանակության արտադրանքի արտադրության մասին օրենքը՝ երկրում արևային մարտկոցների բաղադրիչների արտադրությունն ընդլայնելու համար: Նախագահը նաև չեղարկել է Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներից արևային մարտկոցների ներմուծման մաքսատուրքերը:
Նշվում է, որ Բայդենի կարգադրությունը կհեշտացնի ԱՄՆ-ում արևային մարտկոցներ արտադրելու հնարավորությունը՝ Կամբոջայից, Մալայզիայից, Թաիլանդից և Վիետնամից բաղադրիչների հասանելիության ընդլայնման հաշվին. դրանք 2 տարվա ընթացքում կարող են ներմուծվել առանց որոշակի տուրքերի: