ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին տարիներին առողջապահությանը հատկացվող բյուջեն շեշտակի աճել է, եթե 2017-ին ոլորտի ֆինանսավորումը 81 մլրդ դրամ էր, ապա 2021-ին ճշգրտված բյուջեն կազմել է 159 մլրդ: Ներկայացնելով նախորդ տարվա կատարողականը՝ խորհրդարանում ասաց նախարարը: Ու չնայած այս փաստին Ավանեսյանը վստահ է՝ համակարգը պետք է անցում կատարի կանխավճարային մեթոդին, այսինքն՝ առողջության ապահովագրությանը: Միայն պարբերական ավելացումները հարցի լուծում չեն:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Մեր ծրագրում ներառել ենք ապահովագրական համակարգի կոնցեպտը, դրա մշակումն ու դրա աստիճանական ներդրումը Հայաստանում, սա շատ կարևոր է, և տարիներ ի վեր դրա վրա աշխատել են, բայցի այն չի ներառվել:
Հայեցակարգը պատրաստ կլինի ամենաուշը մեկ ամսվա ընթացքում, այժմ քննարկումներ են ընթանում՝ որոշելու, թե պարտադիր ապահովագրության աստիճանական ներդրումը ի՛նչ փուլերով ու ի՛նչ ժամկետներում է իրականացվելու: Ավանեսյանի խոսքով՝ մինչև 2023-ի սկիզբ հայեցակարգն ու դրանից բխող օրենսդրական ակտերն արդեն պետք է ընդունված լինեն:
Անահիտ Ավանեսյան - Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք, ի վերջո, ծախսում ենք այդ գումարը, մենք ծախսում ենք ավել գումար, և Հայաստանը տարեկան մեկ շնչին ընկնող առողջության վրա ծախսվող գումարով շատ ավելի բարձր տեղերում է գտնվում, քան թե, օրինակ՝ մեր հարևան երկրները, բայց մենք ծախսում ենք գումար ոչ ճիշտ ժամանակ և ծախսում ենք տարերայնորեն: Սա շատ կարևոր է, քանի որ երբ անցնում ենք կանխարգելման, մենք տանում ենք աշխատանք կանխարգելման, առողջության պահպանման:
ՀԱՎԵԼՅԱԼ 5.2 ՄԼՐԴ ԴՐԱՄ՝ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Տարին նոր է կիսվել, բայց արդեն սպառվել են պետպատվերին ուղղվող գումարները՝ քաղաքացիների մտահոգությունը փոխանցեցին պատգամավորները: Նախարարն արձագանքեց՝ քովիդի հետևանքների պատճառով կա դիմելիության աճ ու ոչ միայն Հայաստանում: Ավանեսյանի խոսքով՝ խնդիրը լուծելու համար այս հինգշաբթի Կառավարությունը հավելյալ 5.2 մլրդ դրամ կհատկացնի պետպատվերով բժշկական ծառայությունների մատուցմանը:
Ավանեսյանը կարևորեց հերթագրման համակարգի պահպանումը, ասաց՝ եթե քաղաքացին չունի անհետաձգելի բժշկական օգնության կարիք, պետք է հերթագրվի և իր օգնությունը ստանա առաջնահերթության կարգով: Լուսինե Բադալյանը հետաքրքրվեց՝ իսկ որ հիվանդությունների դեպքում է սրացում եղել:
Անահիտ Ավանեսյան - Մենք ունենք սրտանոթային հիվանդությունների, դիաբետով պայմանավորված մի օրինակ բերեմ՝ անգամ մանկական ինսուլինի դոզավորման կարիքը փոխվել է քովիդից հետո:
2021-ին նախարարության ուշադրության կենտրոնում նաև կապիտալ ծախսերն են եղել: Սիսիանի, Թալինի, Ծաղկահովիտի, Չարենցավանի բժշկական կենտրոնների կառուցման, վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2021-ին: Ընթացքի մեջ է նաև Հոգեկան առողջության ազգային կենտրոնի ամբողջական վերակառուցումը, հերթը շուտով նաև «Նորք» ինֆեկցիոնին է հասնում:
ԿԳՄՍՆ 2021-Ի ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ 97.7 ՏՈԿՈՍ Է
Օրենսդիրը հաջորդը լսեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարին, Դումանյանը գործուղման էր: Զեկույցը ծավալուն էր, 2021-ին՝ 97.7 տոկոս կատարողական ունեն: Հենց անցած տարի սկսվեց ու այժմ էլ շարունակվում է ուսուցիչների կամավոր ատեստավորումը:
Արթուր Մարտիրոսյան (ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար) - 475 ուսուցիչ այժմ 30-50 տոկոսով ավել հավելավճար է ստանում:
2021-ին հաստատվեցին ու առաջինը Տավուշի դպրոցներում փորձնական ներդրվեցին առարկայական նոր չափորոշիչները: Բովանդակությունից բացի, նաև կապիտալ ծախսեր են կատարվել, 21 համայնքներում մոդուլային դպրոցներ են կառուցվել, 8 ավագ դպրոցների մասնաշենքերը հիմնանորոգվել են, գույքով ապահովվել, ավագ դպրոցներից 107-ում էլ բնագիտական լաբորատորիաներ են ստեղծվել: Նախադպրոցական հաստատությունների ոլորտում էլ իրականացված աշխատանքը փոխնախարար Անդրեասյանը ներկայացրեց:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար) - Նախորդ տարի հուլիսին մենք հաստատել ենք մեկ սանի ֆինանսավորման կարգ ու այդ ֆինասնավորումը ուղղելու ենք կոնկրետ խմբերի երեխաներին, արդեն էս սեպտեմբերից, այն խմբերին, որոնք ունեն առաջնահերթություն նախադպրոցական օրենքով:
ՀՌՀ-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է 2021-Ի ԲՅՈՒՋԵԻ ՄՈՏ 100 ՏՈԿՈՍ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
ԱԺ-ն նաև Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի զեկույցը լսեց: Մոտ 100 տոկոս կատարողական է ապահովվել, 6 միջոցառում է իրականացվել: Արա Շիրինյանը հիշեցրեց, որ 2021-ին մայրաքաղաքային սփռման մրցույթում Հանրայինը իրավունք ստացավ գործարկել նոր՝ 24-ժամյա լրատվական ալիքը: Այդ նպատակով պահուստային ֆոնդից 427 մլն դրամ հատկացվեց: Կարևորելով Առաջինի լրատվականի մեկնարկը՝ Շիրինյանը նկատեց.
Արա Շիրինյան (Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ) - Լրատվական ալիքը կես տարի է՝ գործում, բայց ավելի շատ գումար բերեց, քան Առաջին ալիքը, և, ընդհանրապես, նրա դիտումները ավելի շատ են, քան Առաջինինը, կրկնակի ավելի շատ են:
Ոլորտային հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի խոսքով էլ՝ Հանրայինն այժմ շատ ազատ է, չկան սև ցուցակներ ու դա նկատում է նաև հանրությունը:
Սիսակ Գաբրիելյան (ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Տեսնում ենք մի իրավիճակ, երբ հանրային շատ դեմքեր իրենք են հրաժարվում մասնակցել կազմակերպվող բանավեճերին, քաղաքական հարցազրույցներին, քաղաքացիներն են տեսնում, որ ազատությունը մեծ է, հուսանք, որ մեր ընդդիմադիր գործընկերները ավելի հաճախ կգան եթեր:
Գաբրիելյանի խոսքով՝ Հանրայինը նաև կատարել է խոստումն ու ազգային հավաքականի խաղերը վերադարձրել է Առաջինի եթերացանկ: Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն էլ անդրադարձավ գովազդին, 2021-ն առաջին ամբողջական տարին էր, երբ եթերում գովազդը թույլատրված էր: Առավելագույն տևողությունը 5 րոպե է, տեսակներն էլ են սահմանափակված, բայց 550 մլն դրամի եկամուտ է ստացել ընկերությունը: Ինչ վերաբերում է ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նա ասաց.
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Արդեն սկսվել են շինարարական ու տեխնիկական հագեցվածության աշխատանքները: Հեռուստաընկերությունը ունի հագեցվածության կարիք, քանի որ այն, ինչ ունենք, հին է: Խնդիր կա ստուդիաների թվայնացման հետ կապված:
Խորհրդարանում այսօր բյուջետային քննարկումների վերջին օրն էր: Մշտական հանձնաժողովների համատեղ նիստերն այսքանով ավարտվեցին: