Նորաստեղծ «Թատրոն կայարանն» է։ Դռները պաշտոնապես չբացած՝ կես տարի է, ինչ գործում է մայրաքաղաքի կենտրոնից քիչ հեռու՝ մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանին կից։ Խաղացանկում արդեն կա երեք ներկայացում։ Այս անգամ մանուկներին պատմելու են չարաճճի խոզուկների նոր արկածները։
Երաժշտական ներկայացման մեջ երեք խոզուկների հայտնի պատմությունը փոխված է։
Կարո Քարաջյան («Թատրոն կայարանի» գեղարվեստական ղեկավար) - Պիեսի հեղինակն է Վահե Հայրապետյանը, երաժշտության հեղինակը՝ Վահե Հայրապետյանը, բեմադրող ռեժիսորը Սամսոն Ստեփանյանն է։ Ունենք մանկական ներկայացում՝ «Թռի-վռի մի ճպուռ»՝ ըստ Կռիլովի առակի։ Պիեսի հեղինակը Վիգեն Ստեփանյանն է՝ ըստ Վիգեն Ստեփանյանի։ Ռեժիսորը ես եմ։
Ունեն նաև մեծերի համար ներկայացում՝ «Սեր՝ ֆրանսիական ձևով»։ Տարբեր վայրերից հրավիրում են դերասանների։ Փորձում են աշխատել պրոֆեսիոնալների ու սկսնակների հետ։ Մասնավոր թատրոնը պաշտոնապես կբացվի սեպտեմբերին։
«Նաև նախապատրաստում ենք «Անահիտը»՝ Ղազարոս Աղայանի, հայկական գործ։ Բացումն անելու ենք այդ ներկայացմամբ։
Մինչև պաշտոնական բացումը՝ ամռանը թատրոնը հյուրախաղեր կունենա մարզերում:
Անդի Սողոմոնյան («Թատրոն կայարանի» կազմակերպչական և կոորդինատորական գծով փոխտնօրեն) - Պետք է այցելենք Արարատի մշակույթի տուն։ Սպասում են մեզ այնտեղ։ Հուլիսի 2-ին Հրազդանի դրամատիկական թատրոնում, հուլիսի 9-ին Վայք պետք է այցելենք։
Թատրոնում ամեն բան սկսել են զրոյից՝ իրենց ուժերով։ Աշխատանք դեռ շատ կա, բայց նշում են, որ հանդիսատեսից ստանում են լավ արձագանքներ։
Արթուր Պետրոսյան («Թատրոն կայարանի» տնօրեն, պրոդյուսեր) - Վստահ եմ, որ մոտ ապագայում կլինեն մարդիկ, ովքեր կաջակցեն մեզ։ Կլինեն մարդիկ, կազմակերպություններ։ Ընդհանրապես պարտադիր չէ, որ մեկը սիմվոլիկ գումար տա, որ մենք այստեղ ինչ-որ բան բարեփոխենք։ Յուրաքանչյուր հանդիսատես, գնելով մեկ տոմս, արդեն մեծ ներդրում է մեզ համար:
Միտում ունեն մշակութային կյանքն աշխուժացնել նաև Երևանի կենտրոնից դուրս:
Հեղինակ՝ Անի Ավագյան