2021 թ. Հանրային հեռարձակողի խորհուրդն իրականացրել է «Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակում» բյուջետային ծրագիրը` 6 միջոցառմամբ. նշել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը հունիսի 7-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում:
Խորհրդի և աշխատակազմի գործունեության ֆինանսավորման նպատակով հաշվետու տարում նախատեսվել է 174 մլն 125 հազար դրամ: Կառավարության մի շարք որոշումների արդյունքում ճշտված պլանը կազմել է 144 մլն դրամ: Ծախսվել է 142 մլն, տնտեսվել` 1 մլն 419 հազար դրամ:
2021 թ. Հանրային հեռուստաընկերությունը մասնակցել է մայրաքաղաքային սփռման լիցենզիայի մրցույթին և Առաջինի լրատվական ալիքը գործարկելու իրավունք է ստացել` 24-ժամյա ամենօրյա լուրերով: Այս նպատակով Կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից հատկացվել է 427 մլն 467 հազար դրամ:
Արա Շիրինյանի խոսքով` Հայաստանի հանրային ռադիոընկերության գործունեության համար նախատեսվել է հատկացնել 959 մլն դրամ: Ճշտված պլանը կազմել է 863 մլն դրամ:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը կարևորել է այն փաստը, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական խաղերը կրկին հեռարձակվում են Հանրային հեռուստաընկերության եթերով:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ 2021 թ. հանձնաժողովին հատկացվել է 324 մլն դրամ, կատարողականը կազմել է 97.3 տոկոս: Խնայողություններ են եղել աշխատավարձային ֆոնդի, գործուղումների հաշվին:
2021 թ. հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Տիգրան Հակոբյանի կարծիքով` լրացուցիչ գումարների առկայությունը թույլ կտար հանձնաժողովին առավել արդյունավետ իրականացնել գործառույթները:
«Այն հեռուստաընկերությունները, որոնք խախտում եմ լիցենզիայի պայմանները, օրենսդրությունը և հանձնաժողովի կարգերը, կենթարկվեն պատասխանատվության»,- ընդգծել է զեկուցողը:
Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստան-Սփյուռք գործակցության» և «ՀՀ զարգացման գործընթացում Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերի կատարման համար հատկացվել է 890 մլն 930 հազար դրամ. այս մասին ասել է Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը:
Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված ծրագրի իրականացման համար հաշվետու տարում հատկացվել է 815 մլն 915 հազար դրամ, սակայն ծախսերի վերանայման անհրաժեշտությամբ պայմանավորված` այդ գումարը նվազեցվել է: Արդյունքում` ծրագրի արժեքը կազմել է 359 մլն 435 հազար դրամ, ծախսը` 323 մլն 616 հազար դրամ:
Ծախսերը վերանայվել ու կրճատվել են նաև «Քայլ դեպի տուն» և այլ ծրագրերի գծով: Հաշվետու տարում «Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցել են 400 պատանի և երիտասարդ: