Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը որոշ հեռուստաընկերությունների մասին ֆեյսբուքյան իր գրառումը սպառնալիք չի համարում: Նա օրեր առաջ նշել էր, որ Հանրային մուլտիպլեքսում գործող երկու հեռուստաընկերություն իրենց եթերային քաղաքականությամբ համառ ջանքեր են գործադրում, որպեսզի հեռարձակման իրենց լիցենզիան առնվազն կասեցվի: Գրառմամբ զգուշացրել է, որ փորձեն պահել օրենքի պահանջներն ու կարգավորման նորմերը, նշեց Հակոբյանը:
Տիգրան Հակոբյան (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ) - Այն հեռարձակողները, որոնք սկսել են կոպտորեն խախտել էթիկայի նորմերը, որոնք եթերում թույլ են տալիս սեռական հայհոյանք, ջարդում են հաղորդացանց, որովհետև հաղորդացանցն ունի իր հստակ կառուցվածքը, որ այսքանը պետք է լինեն մանկական, կա հանրօգուտ հաղորդումների պահանջը: Օգտվելով քաղաքական առիթից` այդ հեռաձակողները սկսում են կոպտորեն խախտել ինչ-ինչ նպատակներով, մենք զգուշացնում ենք` մի ձգտեք, որ ինչ-որ կերպ ձեր լիցենզիան դադարեցնեն:
Գրառումը ո՞ր հեռուստաընկերություններին է վերաբերում` Հակոբյանը չմանրամասնեց, բայց հավելեց, որ այդ հեռուստաընկերություններն այս տարվա ընթացքում խնդրանքով և հորդորով մի քանի նամակ են ստացել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից, որից պետք է հետևություններ անեին:
Արդյոք արդարացվա՞ծ է երկրում ներքաղաքական լարվածության ֆոնին, երբ ցույցեր են տեղի ունենում, պահանջել հեռուստաընկերությունից որևէ կերպ չշեղվել ծրագրային բովանդակությունից. այս հարցին ի պատասխան` Հակոբյանն ասաց, թե «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը նրա համար է, որ, անկախ իրավիճակից, անգամ շուրջօրյա միտինգների ժամանակ, հեռուստաընկերությունը միայն դրանով չսահմանափակվի, քանի որ հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունները պարտավոր են լուսաբանել ամբողջ Հայաստանի անցուդարձը:
Տիգրան Հակոբյան - Ըստ օրենքի՝ նրանք միտինգների քարոզչական ապահովման գործիք չեն, եթե ուզում են քարոզչական գործիքներ լինել, կարող են յութուբյան ալիքներ բացել և հանգիստ այդ գործը կատարել: Մենք պարտավոր ենք օրենքը պաշտպանել:
Անդրադարձ եղավ նաև Հանրային հեռուստաընկերությանը: Հարցին՝ Հանրայինին զգուշացում եղե՞լ է իշխանությանը շատ լուսաբանելու համար, Հակոբյանը պատասխանեց.
Տիգրան Հակոբյան - Հանրային ՀԸ-ի կարևոր գործառույթներից է լուսաբանել ամբողջը, ինչ կատարվում է ՀՀ-ում: ՀՀ-ում կատարված իրադարձությունների զգալի մասը կապված է իշխանական գործողությունների հետ, բացեք CNN-ը, որը Թրամփին չէր սիրում, բացեք BBC-ն, մեծ մասը կապված է իշխանական օղակների գործունեության հետ: Ի՞նչ անի Հանրայինը, գա, էլի ուղիղ եթերում միտինգնե՞ր լուսաբանի:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը նշեց, որ ցանկացած հեռուստաընկերության գործունեության ընթացքում բավականին խախտումներ են նկատվում:
Հեղինակ` Անի Օհանյան