Հայաստանի մի շարք դպրոցների նախակրթարանների և տարրական դասարանների երեխաները արդեն 12 տարի առողջ սնունդ են ուտում: Իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրով՝ Ռուսաստանի կառավարության ֆինանսավորմամբ: Գործում է 10 մարզում, որից 8-ում ծրագիրն արդեն ազգայնացվել է, այսինքն՝ փոխանցվել Հայաստանի Կառավարությանը: Միայն Արմավիրում ու Կոտայքում է ծրագիրը դեռ անցումային փուլում, գործառույթների իրականացումը մինչև տարեվերջ այս մարզերում ևս կփոխանցվի Կառավարությանը:
Սոնյա Բուդաղյան (Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ) - Մեր խնդիրն է, որ կարողանանք դպրոցների համար համապատասխան պայմաններ ստեղծենք, որ անցումը սահուն լինի, բոլորը պետք է միանան: Եթե մինչև հիմա Պարենի համաշխարհային ծրագրով միացել էին ոչ բոլոր դպրոցները, մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ բոլոր դպրոցները միանան ծրագրին:
Որ ծրագիրը միջազգային գործընկերներից առանց դադարների անցնի Հայաստանի Կառավարությանը, կազմակերպիչներն այն քննարկել են մարզի ու համայնքների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների ու գործարարների հետ: Նրանց աջակցությունը հարկավոր է անցումային փուլը սահուն կազմակերպելու համար: Հատկապես կարևոր է դպրոցների խոհանոցների ու ճաշարանների վերանորոգումը:
Փարաքարում ծրագրի շահառու չորս դպրոցին, օրինակ, շուտով երեքն էլ կմիանան:
Կարապետ Արթենյան (Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ) - Երբ ծրագիրը կոնկրետանա, հանդիպումներ կունենանք բոլոր դպրոցներում, բոլոր գործարարների հետ և կփորձենք համագործակցելով՝ ծրագիրը կյանքի կոչել:
«Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպությունն էլ է պատրաստակամ գործակցության համար. այժմ պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացնում մանկապարտեզներում ու դպրոցներում, երեխաներին սովորեցնում, թե ինչպես ճիշտ խնամել բերանի խոռոչն ու ատամները:
Լուսինե Մելիքյան («Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ գլխավոր տնօրեն) - Մենք կունենանք աջակից ծրագիր, որի շրջանակում բեռը, որ վերցրել ենք, ինչ-որ չափով կթեթևանա: Այսինքն՝ երեխան կտեղեկանա նաև առողջ սննդի մասին:
Առողջ սննդից ամեն օր օգտվում է մոտ 100 հազար երեխա: Բայց ծրագիրը միայն սնվելու մասին չէ, դպրոցների զարգացման և հզորացման, նաև սննդաբանական կրթության բաղադրիչ կա: Բացի այդ, նաև կրթական հարթակ է, որտեղ երեխան սովորում է հաճելին համատեղել օգտակարի հետ:
Սաթենիկ Մկրտչյան (ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն) - Այս ծրագիրն ունի նաև կարողությունների զարգացման կոմպոնենտ, այսինքն՝ դպրոցների ունակություններն են ավելանում, կազմակերպում այնպիսի գործընթաց, ինչպիսին ճաշի տրամադրումն է և այլն:
Կառավարությանը փոխանցելուց հետո ծրագիրը կգործի 10 մարզի բոլոր դպրոցներում: Պայմաններ կստեղծվեն, որ վատ վիճակում գտնվող դպրոցական խոհանոցներն ու ճաշարանները նորոգվեն, կահավորվեն և համալրվեն անհրաժեշտ սարքավորումներով: