Լալա Ասլիկյան (Համացանցում խաբեությունից տուժած քաղաքացի) - list.am-ում ես տեղադրել էի խաղալիք, որը ուզում էի վաճառել 15 հազար դրամով: Ինձ WhatsApp-ով գրեցին (ռուսերեն) և ասացին, որ ուզում են գնել, և ամեն ինչը, ինչ որ ասում էին, իրենք անընդհատ մեսիջներ էին ուղարկում՝ շատ շտապ էր: Այսինքն՝ ինձ անընդհատ շտապեցնում էին: Ես ուրիշ գործեր էլ ունեի, ուզում էի շուտ վերջացնեի սա ու ինքս էլ սենց ինչ-որ ցայտնոտի մեջ ընկա:
Այսպես, կեղծ գնորդին հաջողվել է շփոթեցնել Լալային, նա չի էլ հասցրել մտածել, որ տարածված այս խաբեության մասին լսել էր: Գիրք-խաղալիքով հետաքրքրվողը գումարը փոխանցելու համար խնդրել է բանկային քարտի տվյալները, հետո հղում ուղարկել ու առաջարկել.
Լալա Ասլիկյան - «Հայփոստի» այս հղմամբ մտեք, լրացրեք ձեր բանկային տվյալները, և կնստի այդ 15 հազար դրամը: Ես այդ ամբողջը արեցի, ինձ մոտ չստացվեց:
Գործարքը թերևս չի ստացվել այն պատճառով, որ մյուս տվյալների հետ անհրաժեշտ է նաև մուտքագրել, թե որքան մնացորդ կա բանկային քարտի վրա, իսկ Լալան շատ փոքր գումար է ունեցել: Հետո փորձել է գործարքն ուրիշի քարտով անել, ու հենց այդ քարտից էլ անհետացել է 380 հազար դրամ:
Քննչական կոմիտեում անցյալ տարվա ապրիլից այսպիսի 20 բողոք է ստացվել: Այդ բոլոր քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում: Ձեռագիրը հիմնականում նույնն է՝ վաճառվող ապրանքով հետաքրքրվողները ներկայանում են կնոջ անունով, գրում ռուսերեն: Ուղարկում են հղում՝ բանկային տվյալները լրացնելու համար: Իսկ հետո, երբ վաճառողը առաքման հետ կապված հարցեր պարզաբանելու նպատակով փորձում է նույն բջջային հավելվածի միջոցով զանգահարել գնորդին, նա չի պատասխանում զանգին: Գրում է, որ երեխային է քնեցնում, քաղաքից դուրս է և այլն: Բանկային քարտ չունեցողներին էլ առաջարկվում է վճարումը ստանալ էլեկտրոնային դրամապանակի միջոցով: Արդյունքում հասանելիություն են ստանում նաև էլեկտրոնային դրամապանակին:
Միլենա Մանուկյան (ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչ) - Նշված անձանց արարքներում առերևույթ առկա է նաև փողերի լվացման հատկանիշներ, որը ևս խստացնելու է հետագայում նրանց պատասխանատվությունը: Ներկայումս ձեռնարկվում են լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ թե՛ ՀՀ-ում և թե՛ մեր միջազգային գործընկերների հետ՝ պարզելու համար հանցանք կատարած անձանց ինքնությունը և նրանց ներկայացնելու վարույթն իրականացնող մարմնին:
Հարցին, թե արդյոք գումար շորթողները Հայաստանից դո՞ւրս են գտնվում, քննիչը պատասխանեց.
Միլենա Մանուկյան - Նշված քրգործի քննության ընթացքում ստացվել են բազմածավալ տվյալներ, որոնք վերաբերում են թե՛ ՀՀ-ին և թե՛ այնպիսի տվյալներ, որոնց վերաբերյալ կարող է քննություն կատարվել մեր միջազգային գործընկերների օգնությամբ:
Քրեական գործով դեռ մեղադրյալ չկա, շոշափելի արդյունքների մասին խոսելն էլ վաղ է: Քննիչը դա բացատրում է գործի բազմադրվագ լինելով և որոշակի բարդություններով: Տվյալ քրեական գործը հեշտերից չէ՝ ասում է Մանուկյանը, հավելում՝ բայց բացահայտման հեռանկար կա:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանին էլ բազմաթիվ մարդիկ են դիմում, որոնք կամ արդեն տուժել են ու փորձում են հասկանալ՝ ինչպես կարող են հետ բերել գումարը, կամ էլ ժամանակին գլխի են ընկել, որ գործ ունեն խաբեբաների հետ: Ընդ որում` գումարները կորցրել են նաև մարդիկ, որոնք ինտերնետից օգտվելու հարցում շատ հմուտ են: Իսկ խաբեբաների գործին հաջողություն բերողը հաճախ նաև նրանց առաջացրած շտապողականությունն է:
Սամվել Մարտիրոսյան (տեղեկատվական անվտանգության մասնագետ) - Պետք է միշտ հաշվի նստել նրա հետ, որ խաբեբաները անընդհատ կատարելագործվում են, ու պետք չէ շտապել, նույնիսկ եթե դուք համարում եք, որ դուք գել եք ինտերնետում:
Իսկ երբ ապրանքը գնող կամ վաճառող ներկայացողն ուղարկում է իբր այս կամ այն վճարային համակարգի, էլեկտրոնային դրամապանակի հղումները.
Սամվել Մարտիրոսյան - Շատ կարևոր է նայել հղմանը: Հղումը ոնց է լինում, օրինակ՝ «Հայփոստ» բառը մեջը կա, բայց հետո լիքը լյալյա-լյուլյուներ են, կետ եսիմ ինչ, կետ եսիմ ինչ: Ու դա անընդհատ փոխվում է: Եթե ձեզ ասում են՝ «Հայփոստով» ենք ուզում անել կամ ArCa-ով, զուգահեռ բացեք գուգլը ու գրեք «Հայփոստ»: Էդ դեպքում ձեզ գուգլը կտա «Հայփոստի» կամ ArCa-ի կայքը: Վերցրեք, համեմատեք, կտեսնեք, որ էդտեղ ուրիշ հասցե է: Եթե հասցեն տարբերվում է, միանգամից ուղարկեք շատ հեռու:
Հեղինակ՝ Աննա Զախարյան