Հինգերորդ ամիսն է՝ էներգետիկ շուկան Հայաստանում ազատականացված է, ինչը նշանակում է՝ ՀԷՑ-ն այլևս միակ մոնոպոլ ընկերությունը չէ, որ կարող է սպառողին հոսանք մատակարարել։ Նոր-նոր, բայց համակարգում արդեն սկսում են ինքնուրույն էլեկտրաէներգիա վաճառել ինչպես որոշ կայաններ, այնպես էլ առևտրի համար լիցենզիա ստացած խաղացողներ։ Լուրջ խնդիրներ դեռ չեն արձանագրվել՝ վստահեցնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամը։
Սեդա Շահինյան (ՀՀ ՀԾԿՀ անդամ) - Ունենք շուրջ մեկ տասնյակին մոտ մատակարարներ, շուրջ 5 թրեյդերներ կամ մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձինք: Շուկան բնականոն կանոնավորումներին համապատասխան աշխատում է:
Շուկայի որ մասնակիցը ինչքա՛ն հոսանք ծախեց և, ամենակարևորը՝ գործող սակագնից որքա՛ն ցածր արժեքով՝ ամեն ինչ գիտեն նոր մոդելով համակարգը կառավարող Հաշվարկային կենտրոնում։ Բոլոր գործարքներն այս ծրագրով են կատարվում, բայց տվյալ հրապարակելն արգելված է՝ առևտրային գաղտնիք է։ Մի քանի ամսից արդեն հոսանքի բորսայական առևտուրն այստեղ կտրուկ կաշխուժանա, քանի որ, ըստ օրենքի՝ 2023-ի փետրվարից էլեկտրաէներգիան այլ մատակարարից պետք է գնեն երկրի ամենախոշոր հոսանք սպառողները։ Նրանք տարվա կտրվածքով առնվազն 1 մլն կվտ-ժամ հոսանք օգտագործող և հաղորդողի կամ բաշխողի 110 կիլովոլտանոց գծերին միացած 20 ընկերություն են։
Մեսրոպ Մեսրոպյան («Հաշվարկային կենտրոն» ընկերության գլխավոր տնօրեն) - Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, «Վեոլիա ջուրը», Թեղուտը, «Նաիրիտը», Զոդի ոսկու հանքը:
Այդ ընկերությունների ներկայացուցիչների համար Հաշվարկային կենտրոնը դասընթաց է կազմակերպել սովորեցնելու՝ ինչպե՞ս է աշխատում հատուկ ծրագիրը, որ իրենց ձեռնարկության կարիքներից ելնելով կարողանան այլընտրանքային մատակարարից օրվա կտրվածքով հոսանք պատվիրել ու ստանալ, այլապես ստիպված կլինեն ցանցում եղած ամենաթանկ էլեկտրաէներգիան գնել։
Հովիկ Աղաբալյան (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրության սպասարկման դեպարտամենտի ներկայացուցիչ) - էսի ծրագրի հետ ենք ծանոթանում՝ հետո ոնց աշխատենք, գնային հիմա չենք կարող ծանոթանալ:
Ազատ շուկայի ծրագիրը փորձարկել, որոշակի խնդիրներ է հայտնաբերել Միջազգային էներգետիկ կորպորացիան ու այդ մասին տեղեկացրել կարգավորիչ մարմնին։ Բանն այն է, որ Սևան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երն աշխատում են հիմնականում ոռոգման համար Արարատյան դաշտ մղվող ջրով, այն դեպքում, երբ համակարգից որոշակի հզորության պատվեր վերցնեն, բայց ջրառն այդ օրերին կրճատվի, ու խոստացած քանակի հոսանքը չկարողանան արտադրել, ըստ օրենքի, պարտավոր են պակասուրդը լրացնել այլ կայաններից, ասենք՝ որևէ ՋԷԿ-ից գնած թանկ հոսանքը իրենց սահմանած ցածր արժեքով մատակարարել պատվիրատուին՝ հնարավոր ռիսկն է նկարագրում կորպորացիայի ղեկավարը։
Արտաշես Կիրակոսյան («Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերության գլխավոր տնօրեն) - Մենք արդեն իսկ մտահոգություն ունենք, որովհետև բացասական շեղումներ ենք դիտարկել, որոնք կապված են ջրի բացթողնման ռեժիմների հետ։ Եթե ռեժիմները խախտվեցին, մենք ստիպված կլինենք տուժելու:
Ստարտային խնդիրներով հանդերձ՝ շուկայի ազատականացումը, ըստ փորձագետների, էներգետիկ համակարգում առնվազն երկու հիմնական հարց է լուծելու։ Նախ՝ սպառողի համար շատ կարևոր՝ արտադրող կայանները վերջապես կսկսեն մրցակցել իրար հետ ու սակագին իջեցնել։ Եվ երկրորդ՝ Հայաստանը նոր դեր կստանձնի տարածաշրջանի էներգետիկ առևտրում: Այժմ, երբ միայն Վրաստանի հետ բարտեր ունենք, Իրանի հետ աշխատում ենք «Գազ՝ հոսանքի դիմաց» բանաձևով, էներգետիկ օպերատորի վիճակագրությամբ, երկրի ո՛չ արտադրական ամբողջ հզորությունն է օգտագործվում, ո՛չ էլ տեղափոխող բարձրավոլտ ցանցինը:
Մնացական Մնացականյան («էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության գլխավոր տնօրեն) - Մեր ներքին բարձրավոլտ ցանցը 50 տոկոս ա աշխատում, մեր ցանցը կարա էներգիա բաց թողնի, բայց էդ ավելցուկը ճանապարհ չունի, որ էթա, հիմա էդ ճանապարհն ա սարքվում:
Էներգետիկ ճանապարհներից Իրանի հետ նոր բարձրավոլտ գիծը նախատեսված է շահագործել 2023 թվականին։ Մնացականյանը համոզված է՝ ուշանալու է, շինարարական աշխատանքները դեռ ամենաբարդ՝ Սիսիանից Քաջարան տեղամաս չեն էլ հասել։