ՈՒԿՐԱԻՆԱՆ ՌԴ-ԻՆ ԶԻՋՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱՅՈՎ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինան չի կարող հարձակման անցնել, քանի որ Ռուսաստանին զիջում է տեխնիկայով, հայտարարել է Ուկրաինայի նախագահը Financial Times թերթի հետ հարցազրույցում:
Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ հարձակման անցնելու դեպքում Ուկրաինան նոր կորուստներ կունենա, իսկ մարդկային կյանքերն իր համար առաջնահերթություն են:
Նա Արևմուտքին կրկին կոչ է արել մեծացնել զենքի մատակարարումները Կիևին և քննադատել է նրանց՝ Մոսկվայի նկատմամբ, իր կարծիքով, ոչ բավարար կոշտ դիրքորոշման համար:
«Նրանք աջակցում են Ուկրաինային, բայց, միևնույն ժամանակ, քայլեր են ձեռնարկում պատժամիջոցների թուլացման համար, որպեսզի բիզնեսը չտուժի»,- ասել է Զելենսկին ՝ նշելով, որ պատժամիջոցների քաղաքականությունը չի ազդել Ռուսաստանի դիրքորոշման վրա:
ՍՎՅԱՏՈԳՈՐՍԿԸ ՌԴ ԶՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ Է. ՇՈՅԳՈՒ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ Սվյատոգորսկն անցել է ռուսական վերահսկողության ներքո:
«Ազատագրվել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զգալի մասը Հյուսիսային Դոնեցի ձախ ափին, այդ թվում՝ Կրասնի Լիման և Սվյատոգորսկ քաղաքները, ինչպես նաև 15 այլ բնակավայրեր»,- ասել է ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Շոյգուի խոսքով՝ ընդհանուր առմամբ, ռուսական ուժերի վերահսկողության տակ է հայտնվել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի 97%-ը: Նա ընդգծել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը Ռուսական երկաթուղիների հետ համատեղ վերականգնել է 1200 կմ երկաթուղային մայրուղիները՝ Ռուսաստանի, Դոնբասի, Ուկրաինայի և Ղրիմի միջև լիարժեք երթևեկությունը վերականգնելու համար:
ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՐՄԻՆԱԼԸ. ԲՈՐԵԼ
Ռուսաստանը ոչնչացրել է Նիկոլաև քաղաքում ուկրաինական հացահատիկի երկրորդ խոշորագույն տերմինալը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Ավելի վաղ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանին մեղադրել էր աշխարհին պարենային շանտաժի ենթարկելու համար։
Նրա խոսքով՝ Մոսկվան ռմբակոծում է ուկրաինական ամբարները, թույլ չի տալիս ցանք կատարել, ինչպես նաև փորձում է որպես զենք օգտագործել զարգացող երկրներում պարենային ճգնաժամը, որը հասունանում է պատերազմի պատճառով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վլադիմիր Պուտինին կոչ են արել վերացնել Օդեսայի շրջափակումը՝ նավահանգիստներից ուկրաինական հացահատիկ արտահանելու համար։ Ի պատասխան՝ Ռուսաստանը հայտարարել է, որ դա հնարավոր է միայն պատժամիջոցների վերացման դեպքում։
Հունիսի 8-ին էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնում է Թուրքիա։ Այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ նա քննարկելու է ուկրաինական հացահատիկի արտահանման համար միջանցք բացելու հնարավորությունը։
ԱՄՆ-Ը ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ, տեղեկացնում են Սպիտակ տնից:
«Սալիվանը հայտնել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանը, անվտանգությանը և բարգավաճմանը: Նա բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական զգալի և պատմական ջանքերը՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
ԱՄՆ նախագահի խորհրդականը նաև աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններին:
Սալիվանն ԱՄՆ-ի անունից պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցելու և աջակցելու գործընթացում առաջընթացին տարբեր միջոցներով, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: