ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը մայիսի 26-ին մասնակցել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական համաժողովին, որի նպատակն էր ամրապնդել ԵԱՏՄ պետությունների միջև համագործությունը՝ դառնալով վերջիններիս միջև փոխըմբռնման գործիք։
Արմեն Արզումանյանը ելույթ է ունեցել համաժողովի շրջանակներում կազմակերպված «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի հեռանկարները՝ առանց խոչընդոտների։ Զարգացման ուղիները» թեմայով պանելային քննարկմանը։
Իր ելույթում էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնավորապես ասել է․ «Միության շրջանակներում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը Եվրասիական տնտեսական միության առաջնահերթություններից է, որի նպատակն է ապահովել ներքին շուկաների գործունեությունն առանց խոչընդոտների և սահմանափակումների, այդ թվում՝ խոչընդոտների, որոնք սահմանափակում են կազմակերպությունների՝ ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ մուտք գործելու ազատությունը։ Արգելքների բացահայտման և վերացման ապահովման առումով Հայաստանի Հանրապետությանը կարելի է դրական գնահատական տալ՝ հաշվի առնելով մեր երկրում առկա թվով ամենաքիչ խոչընդոտները։ Մենք պետք է ակտիվացնենք ջանքերը՝ ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկաներ ստեղծելու, արդյունավետ լոգիստիկ շղթաներ կառուցելու, Միության տարանցիկ ներուժը մեծացնելու համար՝ կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի պայմանների ապահովման, տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման խոշոր նախագծերի իրականացման նպատակով»։
Արմեն Արզումանյանը կարևոր է համարել, որ Հայաստանի Հանրապետությունը, իր համար առանձնացնելով առաջնահերթ ուղղությունները, ընդհանուր առմամբ ակտիվ դիրք է գրավում ինտեգրացիոն ողջ օրակարգում, քանի որ կա հստակ գիտակցում առ այն, որ ինտեգրացիոն փոխգործակցության առավելագույն արդյունքի կարելի է հասնել միայն Միության անդամ բոլոր երկրների համակարգված համատեղ ջանքերով։ Ներքին շուկայի արդյունավետ գործունեության պայմաններից մեկը նա համարել է Միության ներսում վստահության մակարդակի բարձրացումը և նշել, որ Հայաստանի առջև խնդիր է դրված, ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում, ապահովելու ԵԱՏՄ անդամ երկրների հետ շարունակական հաղորդակցությունը։
Ելույթի ավարտին Արմեն Արզումանյանն ընդգծել է, որ Հայաստանը կանի հնարավորը, որպեսզի, հենվելով իր փորձի և մրցակցային առավելությունների վրա, այդ թվում՝ շարունակելով ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումները՝ նպաստի եվրասիական տարածքի ամրապնդմանը։
Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ագրոարդյունաբերական ապրանքների ցուցահանդես, որին Հայաստանը մասնակցել է առանձին տաղավարով: