ԲՈՐԻՍ ՋՈՆՍՈՆԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հունիսի 6-ին տեղի է ունեցել վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու հարցով քվեարկություն: Գործընթացը նախաձեռնել էին վարչապետի կուսակիցները՝ Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության 50-ից ավելի պատգամավորներ:
Քվեարկության արդյունքում 211 խորհրդարանականներ դեմ են արտահայտվել վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկին, 148-ը՝ կողմ:
Ջոնսոնի ներքին և արտաքին քաղաքականության նկատմամբ պահպանողականները սկսել են դժգոհություն հայտնել դեռ 2021 թ. վերջին՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված սկանդալի պատճառով, երբ կառավարության անդամները լոքդաունի պայմաններում մասնակցել էին վարչապետի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված խնջույքին:
ՋՈ ԲԱՅԴԵՆՆ ԱՄՆ-ՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍԱՀՄԱՆԵԼ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է երկրում արտակարգ իրավիճակի մասին՝ կապված սպառողական պահանջարկը բավարարելու նպատակով էլեկտրաէներգիայի արտադրության համար ոչ բավարար հնարավորությունների հետ:
Բայդենը նաև գործարկել է ռազմական նշանակության արտադրանքի արտադրության մասին օրենքը՝ երկրում արևային մարտկոցների բաղադրիչների արտադրությունն ընդլայնելու համար: Նախագահը նաև չեղարկել է մաքսատուրքերը Կամբոջայից, Մալայզիայից, Թաիլանդից և Վիետնամից արևային մարտկոցների բաղադրիչների ներմուծման համար: Արտոնությունը կգործի 2 տարի:
Ակնկալվում է, որ Բայդենի կարգադրությունը կհեշտացնի ԱՄՆ-ում արևային մարտկոցներ արտադրելու հնարավորությունը:
ՃԱՊՈՆԻԱՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Ճապոնիան պատժամիջոցներ Է սահմանել Ռուսաստանի «Ռոսսելխոզբանկի» և Մոսկվայի վարկային բանկի, Բելառուսի զարգացման և վերակառուցման բանկի դեմ: Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ պատժամիջոցները ենթադրում են Ճապոնիայում ակտիվների սառեցում դրանց առկայության դեպքում, ինչպես նաև այդ կազմակերպությունների հետ ֆինանսական գործառնությունների անցկացման արգելք: Դրանք ուժի մեջ են մտել այսօրվանից:
«Սահմանվում է նաև այնպիսի ապրանքների արտահանման արգելք, որոնք նպաստում են Ռուսաստանի արտադրական բազայի ամրապնդմանը»,- նշվում Է ճապոնական գերատեսչության հաղորդագրության մեջ: