Վերջին զանգի ավարտական երեկոն՝ զանգվածային թունավորման պատճառ: Կոտայքի մարզի բյուրեղավանցի շրջանավարտների հետ թունավորվել են նաև ուսուցիչներ ու ծնողներ: 14 հոգի այս պահին Աբովյանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում է: Բոլորի վիճակը միջին ծանրության է:
Վիկտորյա Միքայելյան (Աբովյանի բժշկական կենտրոնի փոխտնօրեն) - Այո՛, էդ սնունդից տարել են նաև տուն, հաջորդ օրը այլ մարդիկ էլ են օգտվել այդ սննդից, որովհետև խնջույքի պահին չեն եղել նրանց հետ, հաջորդ օրն օգտվել են էդ բարիքներից և իրենց մոտ էլ եղել են նշված երևույթները՝ սրտխառնոց, փսխումներ, ջերմության բարձրացում:
Հունիսի 3-ի երեկոյան Վերջին զանգի խնջույքին մասնակցել է 65 հոգի: Թեև բժիշկները դժվարանում են սննդային թունավորման կոնկրետ պատճառը նշել, բայց քաղաքացիները չեն բացառում, որ դա եղել է բուլղարական պղպեղով, ծաղկակաղամբով ու հավի մսով պատրաստված աղցանից:
Արմենուհ Ավանեսյան (Բյուրեղավանի բնակիչ) - Ով էդ սալաթից փորձել ա, հենց նրանք են թունավորվել, հենց նրանք են հայտնվել հիվանդանոցում, իսկ տղաս, որ դպրոցն ավարտել էր, ում խնջույքին որ գնացել էինք, ինքը էդ սալաթից չի փորձել, տեսքը դուրը չի եկել, չի կերել, ինքը շատ նորմալ ա:
Աննա Ազիբեկյան (Բյուրեղավանի բնակիչ) - Սալաթների տեսականի էր, խորովածի տեսականի: Կոնկրետ ես կերել եմ մի կտոր խորոված, բայց ոչ ամբողջությամբ, որովհետև լավ չէր եփված, և բանջարեղենային աղցան: Էդ պահին ոչ մի տհաճ զգացողություն չեմ ունեցել, բայց գնացել եմ տուն, հաջորդ օրն առավոտվանից արդեն վատ էի:
Աբովյանի ինֆեկցիոն բաժանմունքը արդեն երկու օր ուժեղացված ռեժիմով է աշխատում: Եթե բուժումը բարեհաջող անցնի, հիվանդանոցի տնօրենն ասում է՝ 7-10 օր հետո քաղաքացիները դուրս կգրվեն: Թունավորվածների մի մասն էլ տանն է բուժվում, բայց՝ ընտանեկան բժիշկների հսկողության ներքո:
Վիկտորյա Միքայելյան - Կոնկրետ որ սնունդը կարող է՝ և՛ մսամթերքը կարող է, և՛ կաթնամթերքը կրեմային, և՛ ձկնեղեն, բանջարեղենը ոչ լավ մշակված: Այս սեզոնին, ամառային սեզոնին մենք քաղաքացիներին զգուշացնում ենք՝ եղեք ուշադիր, եղեք ընտրողական՝ որտեղ եք սնվում և ինչով եք սնվում:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ռեստորանում, որտեղ գրանցվել են թունավորումները, ստուգումներ իրականացրել և անորոշ ժամանակով կասեցրել է աշխատանքը: Կթույլատրեն մեծ միջոցառումներ կազմակերպել, երբ պարզվեն պատճառները:
Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Մենք արագ արձագանքել ենք, ոստիկանության հետ համատեղ կապարակնքել ենք, կապ ենք հաստատել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ, համատեղ աշխատում ենք, նմուշները կտանենք լաբորատորիա և դրանից հետո կհասկանանք՝ ի՛նչն է եղել խնդիրը թունավորման:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները հիվանդներից լաբորատոր հետազոտության նպատակով նաև մի քանի կենսանմուշ են վերցրել։