Ռուսաստանի կողմից Վերին Լարսի անցակետում բեռնատարների հերթեր այս պահին գրեթե չկան, փոխարենը մեծ է մարդատար ավտոմեքենաների հոսքը՝ «Լուրերի» հետ զրույցում հայտնեց Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը: Կիրակի, օրինակ՝ 1500 մեքենա է հատել սահմանը: Հակառակ՝ Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ, վերջին տվյալով՝ Լարսով օրական անցնում են մոտ 450 բեռնատար, 750 մարդատար, 5-10 ավտոբուս:
Թանանյանի խոսքով՝ կուտակումները հիմնականում Վրաստանի տարածքում են՝ Կազբեկի հատվածում: Ինչ վերաբերում է բուն Լարսի անցակետին, այնտեղով անցնում են ոչ միայն ԵԱՏՄ անդամ պետությունների, այլև երրորդ երկրների բեռնատարներ:
Արամ Թանանյան (ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային հարցերով կցորդ) - Հայկական մեքենաների վրա ծախսվում ա 5-7 րոպե ժամանակ ձևակերպման վրա, իսկ թուրքական ամեն մեքենան խլում է կես ժամ-մեկ ժամից ավելի: Եթե 450-ը մտնում ա, միջին 100-ը հայկական ա, էդ 100 մեքենան որտեղի՛ց, ի՛նչ ճանապարհով ա գալիս՝ չեմ կարող ասել: Ամբողջ հարցն այն է, որ հայկական մեքենաները հասնեն մաքսակետ, անցնելուն սպասում են Թուրքիայից բավական մեծ քանակի մեքենա: Հարցն այն է, որ հայկական մեքենաները հասնեն Լարսի անցակետ:
Լարսի անցակետում կուտակումների հետևանքով հայկական բեռնափոխադրողները, արտահանողներն ու ներմուծողները կրում են մեծ վնասներ: Խնդիրը խորհրդարանում ներկայացնելով՝ էկոնոմիկայի նախարարը նշեց, որ աշխատում են ռուս և վրացի գործընկերների հետ՝ հնարավորինս արագ նորմալ աշխատանքային ռեժիմի անցնելու համար: Վերին Լարսի մաքսակետն այս պահին ամբողջությամբ վերակառուցվում է: Ռուսական կողմի տվյալով՝ հիմնանորոգված անցակետը կսկսի գործել 2023-ի սկզբից:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Ռուսական կողմը հավաստիացնում է, որ մաքսային գործողությունները հնարավորինս արագ են իրականացնում: Գյուղատնտեսական ապրանքների սեզոն ենք թևակոխում, կարիք կա՝ տրանսպորտային հանգույցները անխափան աշխատեն:
Երևանից Մոսկվա խմիչք տեղափոխող վարորդներից Վաչագան Մարտիրոսյանի խոսքով՝ 2 օր է՝ Վրաստանի տարածքում է, Լարսի անցակետ դեռ չի հասել:
Նախարար Քերոբյանն օրեր առաջ պարզաբանել էր՝ եվրոպական բեռները, որոնք նախկինում գալիս էին Բելառուսի և Ուկրաինայի տարածքով, հիմա ստիպված են Թուրքիայի և Վրաստանի տարածքով մտնել Ռուսաստան: Դա էլ դարձել է հերթերի ու խցանումների պատճառ: Քերոբյանը շաբաթ Լարսի անցակետում կհանդիպի ռուս գործընկերների հետ:
Վահան Քերոբյան - Լաստանավի հետ կապված ուրբաթ ունեցել ենք հանդիպում տրանսպորտային կազմակերպությունների, օպերատորի միջև, համաձայնեցրել ենք աշխատանքի կարգը: Այս պահին աշխատանքը գործարկելու համար մնացել է մի խնդիր լուծելու՝ Վրաստանի կառավարության թույլտվությունն է նավահանգիստներից օգտվելու: Ունեին դիտողություններ, որ հարթվել են: Ըստ մեր պլանավորվածի՝ հունիսի 15-ից պետք է լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը սկսի աշխատել:
Նախարարը հուսով է՝ լաստանավային հաղորդակցությունը կօգնի լուծելու արագ փչացող և ամենածանր ապրանքների փոխադրման հարցը: Լաստանավը կարող է վարձակալել «Ռուսական երկաթուղիների» ու «Հարավկովկասյան երկաթուղու» հետ պայմանագիր ունեցող ընկերությունը, կսուբսիդավորի կառավարությունը: Պետական սուբսիդավորումը կիրականացվի 6 ամսով՝ հույսով, որ համակարգը կսկսի աշխատել և հոգալ ծախսերը: 6 ամսվա համար կպահանջվի 2.5 մլրդ դրամ: