«Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում անդրադարձավ հեռուստաընկերության եթերում գովազդի հնարավորություններին, ինչպես նաև երկարաժամկետ զարգացման ծրագրին:
«Նախորդ տարին առաջինն էր, երբ մեկ ամբողջ տարի «Հանրային հեռուստաընկերությունը» գովազդի հնարավորություն ունեցավ: Ի տարբերություն մյուս հեռուստաընկերությունների, որտեղ մեկ ժամի համար մինչև 14 րոպե գովազդ է թույլատրվում, «Հանրային հեռուստաընկերության» դեպքում օրենքով դա սահմանափակված է 5 րոպե: Նաև գովազդի տեսակներն են սահմանափակված: Օրինակ՝ բեթինգների գովազդ Հանրայինը չի կարող տալ, ինչը բավականին մեծ բյուջե է գովազդային դաշտում:
Բայց 2021 թվականը, որպես մեկնարկային տարի, երբ Հանրայինը սկսեց ամբողջապես զբաղվել գովազդով, մենք ունեցանք մինչև 700 միլիոն դրամի եկամուտ: Մոտավորապես 550 միլիոն դրամն էր գովազդից, մնացած հատվածն այլ եկամուտներ էին:
Անցած տարի հիմնական ներդրումները վերաբերում էին լրատվական նոր ալիքի ստեղծմանը»,- ասաց Մովսիսյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարի կա հաստատված հնգամյա զարգացման ծրագիր, որի համար արդեն իսկ վարկային միջոցներ են ներգրավվել:
«Ունենք նաև Կառավարության աջակցությունը: Անցած տարի Կառավարությունն ազատեց Հանրային հեռուստաընկերությանը շահութաբաժնից, որի արդյունքում՝ 375 միլիոն դրամ, և մոտ 1 միլիարդ դրամից ավելի վարկային միջոցներ ենք ներգրավել: Արդեն սկսվել են շինարարական աշխատանքներ, նաև տեխնիկական հագեցվածության աշխատանքներ:
Հանրային հեռուստաընկերությունն այս պահին բավականին մեծ տեխնիկական հագեցվածության կարիք ունի»,- ասաց Մովսիսյանը: