ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի հսկողության և դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ իտալական 3 ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը 2005 թ.-ից սկսած, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած և ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երեխաների վաճառքն իրականացնելու համար, ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ: Վերջինիս կազմում ընդգրկվել են ՀՀ ծննդօգնության բնագավառում գործունեություն իրականացնող հիմնարկի աշխատակիցներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետը, նույն գործակալության ապոստիլի և միջազգային պայմանագրերի բաժնի պետը, ինչպես նաև հիշյալ ընկերությունների ներկայացուցչի մտերիմ, թարգմանչական ծառայություններ մատուցող անձը: Կազմակերպված խմբի նպատակին հասնելու համար նրանք օգտվել են ինչպես իրենց, այնպես էլ ՀՀ պետական մարմինների իրավասու պաշտոնատար աշխատակիցների ընձեռած հնարավորություններից:
Կազմակերպված խմբի ղեկավարումը ստանձնել է օտարերկրյա որդեգրումների բնագավառում ՀՀ-ում գործունեություն ծավալող, Իտալիայի Հանրապետությունում հավատարմագրված վերոնշյալ 3 կազմակերպությունների ներկայացուցիչը, ով մշակել է կազմակերպված խմբի գործունեության ծրագիրը, անդամների միջև կատարել դերաբաշխում, իրականացրել ֆինանսական հոսքերի նկատմամբ հսկողության գործառույթ:
Բացի այդ, վերջինս առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու՝ դրա հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով, որպես փոխառություն է հանձնել իր հետ փոխկապակցված ՍՊ ընկերություններին, իսկ գումարի մի մասի հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով այն ձևակերպել է որպես համապատասխան ՍՊ ընկերությանը՝ որդեգրումների գործընթացի բնագավառում գործունեություն ծավալող, իր մտերիմներից մեկի կողմից տրամադրված փոխառություն:
Քրեական գործով նախաքննության ընթացքում հիշյալ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը) 3-րդ մասի 1-ին կետով, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին, փոխտնօրենին, նույն ընկերության ցերեկային ստացիոնարի վարիչին, «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախկին պետին, ինչպես նաև կազմակերպությունների ներկայացուցչի մտերիմներից մեկին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետին, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պայմանագրերի և ապոստիլի բաժնի պետին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (Պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասով:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և 2022 թ. հունիսի 6-ին 11 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ այն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: