Զարեհ Սինանյանի այցը ԱՄՆ շարունակվում է: Գլխավոր հանձնակատարն այս պաշտոնում առաջին անգամ ժամանել է Չիկագո: Ինչպես հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից, պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը, որի պաշտոնավորումն ընդգրկում է Իլինոյս, Միսսուրի, Այովա, Վիսկոնսին և Մինեսոտա նահանգները, դիմավորեց Գլխավոր հանձնակատարին:
Պատվավոր հյուպատոսը համայնքի ակտիվ ներկայացուցիչներից է և հատկանշական դեր է խաղացել Չիկագոյի շուկա հայաստանյան ապրանքների ներմուծման գործում:
Զարեհ Սինանյանն այցելել է Չիկագոյի կենտրոնում գտնվող Երևանի զբոսայգի: Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Չիկագոյի շրջանի հայ երիտասարդների հետ և ծանոթացել նրանց գործունեությանը, կրթությանը և աշխատանքին, նաև ներկայացրել գրասենյակի գործունեությունը:
Զարեհ Սինանյանը հատկապես կարևորել է ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» և «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրերը: Հանդիպման մասնակիցները մեծ ոգևորություն են ցուցաբերել գրասենյակի ծրագրերի հանդեպ: