Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականին. արտահերթ ընտրություններ չեն լինի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
«Ընտրությունները տեղի կունենան 2023 թ., դրանք կդառնան ժողովրդավարության տոն, հանրապետության հրաշալի հաղթանակ։ Ժողովուրդը նախագահ կընտրի, դա կլինի Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- ասել է կուսակցության ղեկավարը։
Ժողովրդական միությունից, որի մեջ մտնում են «Ազգայնական շարժում» և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունները, ավելի վաղ հայտնել էին, որ գալիք նախագահական ընտրություններում առաջադրելու են գործող նախագահի թեկնածությունը:
Բահչելին սուր քննադատության է ենթարկել սոցիոլոգիական ընկերություններին, որոնց վերջին հարցումներով՝ իր գլխավորած կուսակցության վարկանիշն անկում է ապրել:
Ընդդիմությունն ավելի վաղ բազմիցս պահանջել է Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն իշխանություններն ի պատասխան հայտարարում են, որ դրանք տեղի կունենան նախատեսված ժամկետներում՝ հաջորդ տարվա հունիսին։