Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման համակարգումն այս պահին կատարում է Անկարան՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը շարունակում են քննարկել մանրամասներ, թե ինչպես պետք է իրականացվի հացահատիկի մատակարարումը ուկրաինական նավահանգիստներից համաշխարհային շուկա:
«Այս գործընթացում մեծ առաջընթաց է գրանցվել, այժմ շարունակվում են աշխատանքները՝ որոշելու, թե ով է զբաղվելու ուկրաինական նավահանգիստների ականազերծմամբ, ով է արտահանելու հացահատիկը, ով է ստեղծելու անվտանգ միջանցք, ով է ուղեկցելու բեռնանավերը։ Այս փուլում մենք համակարգողի դեր ենք կատարում»,- ընդգծել է թուրք նախարարը։
Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ Ստամբուլում հացահատիկի կենտրոնի ստեղծման շուրջ բանակցություններն ընդհանուր առմամբ դրական են ընթանում, և Սև ծովով Ուկրաինայի հացահատիկի մատակարարումները կարող են սկսվել մոտ ժամանակներս: