ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտնել էր՝ դատախազության հանձնարարությամբ Hetq.am-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով 2020 թ. փետրվարի 12-ին հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված և քննված քրեական գործով նույն հոդվածով մեղադրանքներ էին առաջադրվել ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր Հրանտ Դավթյանին և նրա որդուն՝ Արսեն Դավթյանին:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել էր, որ նրանք համապատասխան հայտարարագրերում չեն հիշատակել և այդ կերպ թաքցրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող մի քանի անշարժ, շարժական գույքերի, դրանց շարժի, ֆինանսական պարտավորությունների մասին տվյալները։
Հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործը 2021 թ. ապրիլի 28-ին Գլխավոր դատախազությունից ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Դատարանը, քննության առնելով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը, 2021 թ. նոյեմբերի 10-ին որոշում էր կայացրել իրադրության փոփոխման հիմքով Արսեն և Հրանտ Դավթյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:
ՀՀ գլխավոր դատախազությունում դատարանի որոշման պատճառաբանական մասի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդ հիմքով նման որոշման կայացումն անհիմն է, դեռևս նախաքննության ավարտական փուլում պաշտպանի կողմից մեղադրյալների նկատմամբ նույն հիմքով և հիմանվորումներով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվել գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, որոնք համապատասխան հիմնավորումներով մերժվել էին:
Ելնելով դրանից՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2021 թ. դեկտեմբերին ներկայացվել էր վերաքննիչ բողոք:
Բողոքում հիմնավորվել է, որ իրադրության փոփոխություն առկա չէ, Հրանտ Դավթյանը 2021 թ. տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում կրկին առաջադրել էր իր թեկնածությունը, ինչպես նաև ներկայացրել է 2020-2021 թթ. հայտարարագիր: Դրանով արդեն իսկ փաստվում է, որ իրադրության կայուն փոփոխություն տեղի չի ունեցել, վերջինս կամ նրա հետ փոխկապակցված անձը վերջնականապես զրկված չեն եղել հասարակական հարաբերություններին նույնանման վնաս պատճառելու հնարավորությունից:
Ավելին՝ ըստ դատախազության՝ Առաջին ատյանի դատարանի կողմից նման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու որոշման առանցքում դրված մեկնաբանությունների պայմաններում գրեթե իմաստազրկվում է հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքը: Խնդիրն այն է, որ նման մեկնաբանության պայմաններում հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հանցավոր արարքի կատարման համար հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկել միայն այն անձանց, ովքեր քրեական վարույթի ընթացքում են հանդիսացել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող:
Քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և, ըստ էության, համաձայնելով դատախազության ներկայացրած դիրքորոշումներին՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է այն, բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ ըստ էության քննելու համար: