Հայաստանը, ընդհանուր առմամբ երրորդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում միջպետական երկրորդ գանգատն է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի: Միջպետական մի գանգատ էլ մեր պետության անունից նույն հարևանի դեմ կա նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում՝ Հաագայում:
Բացի միջպետականից, նաև Հայաստանի քաղաքացիներն են բազմաթիվ անհատական գանգատներ ներկայացրել ՄԻԵԴ, դրանցից շատերի վճիռներով արձանագրվել է՝ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքներն ու նորմերը:
Այսպիսի վճիռները, բացի կոնկրետ անձանց համար կարևոր լինելուց, նաև խիստ անհրաժեշտ են պետությանը՝ ապացուցելու, որ հայերի նկատմամբ էթնիկ ատելությունն Ադրբեջանում խրախուսվում է պետական մակարդակով:
Իսկ դա նշանակում է, որ անկախ «մարդասիրական» հայտարություններից՝ Բաքուն չի ապահովի հայերի կյանքի իրավունքն ու անվտանգությունը, երբ խոսում է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու իր երազանքի մասին: