Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին Ասկերան քաղաքում մասնակցել է «Թումո Հայաստան» կրթական ծրագրի ընդլայնման նախաձեռնությանը միացած բարերարների շնորհիվ տեղադրված Թումո տուփի բացման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Ծրագրի շնորհիվ ընթացիկ տարում նման տուփեր են տեղադրվել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Երեք շրջկենտրոններում բացված «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնները նախատեսված են մոտ հազար աշակերտի համար։
Պետական ֆինանսավորմամբ կապահովվեն տրանսպորտային միջոցներ, որպեսզի շրջկենտրոնների հարակից համայնքների աշակերտները ևս այդ կենտրոններում ուսանելու հնարավորություն ունենան։
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ծրագրի դերը երեխաների ժամանակակից կրթության և զարգացման գործում՝ նշելով, որ Կառավարությունը շահագրգռված է Արցախի այլ խոշոր համայնքներում ևս «Թումո» տուփեր տեղադրելու հարցում։
Միջոցառմանը ներկա «Թումո» ծրագրի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը իր խոսքում շնորհակալություն է հայտնել Արցախի իշխանություններին արդյունավետ համագործակցության համար, վստահեցրել է, որ ստեղծված են բոլոր նախադրյալները ծրագրի արդյունավետ գործունեության և ընդլայնման համար։