Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղերը վերադառնում են Առաջին ալիքի եթեր: Տևական դադարից հետո երկրի առաջին թիմի խաղերին հայ ֆուտբոլասերը կկարողանա հետևել հանրապետական սփռման ամենամեծ ծածկույթն ապահովող հեռուստաալիքի եթերում:
Երկար ու ձիգ տարիներ հենց Առաջին Ալիքի ուղիղ միացումներով ու ռեպորտաժներով են հայ երկրպագուները վայելել Հայաստանի ազգային ընտրանու խաղերը:
Հավաքականի խաղերի վերադարձը նշանավորվում է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հերթական խաղարկության մեկնարկային հանդիպմամբ՝ Իռլանդիայի հետ տնային դիմակայությամբ:
C լիգայում շատ հաջող ելույթներից ու խմբային փուլում առաջին հորիզոնականը գրավելուց հետո մեր տղաները հնարավորություն են ստացել մրցելու կարգով ավելի բարձր հավաքականների հետ:
Առաջին ալիքը մինչև 2024 թվականի մարտ հեռարձակելու է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ելույթներն Ազգերի Լիգայի երրորդ խաղարկությունում, Եվրոպայի գալիք առաջնության նախընտրական փուլի, ինչպես նաև ընկերական խաղերը: Իր հերթին` հայ հեռուստադիտողն այդ հանդիպումները կկարողանա դիտել իրեն քաջածանոթ մեկնաբանական խոսքի ուղեկցությամբ: Առաջին թիմը վերադառնում է Առաջին ալիք: