Դավիթ Մուրադյանը և Ձեռնարկությունների ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող, պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Մայքլ Ռուբինը քննարկել են Կովկասում, Մերձավոր Արևելքում ներկա զարգացումները, Թուրքիայի պահվածքը Սիրիայում և այլ տարածաշրջաններում, Ադրբեջանի շարունակվող հռետորաբանությունը:
Հարց - Դուք մասնակցել եք Երևանում կայացած մի միջոցառման, որը նվիրված էր մարդու իրավունքներին և պատերազմի հետևանքներին: Ի՞նչ ձևաչափով եք մասնակցել այդ միջոցառմանըմ և որքանո՞վ են նմանատիպ նախաձեռնությունները կարևոր մարդու իրավունքների և պատերազմի հանցագործությունների մասին միջազգային հանրությունում իրազեկության բարձրացման համար:
Մայքլ Ռուբին (Ձեռնարկությունների ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող) - Այստեղ էի ելույթի համար, հրավիրել էր «Ճշմարտության և արդարության կենտրոնը»: Իմ խոսքը վերաբերում էր Կովկասի հարցում ԱՄՆ քաղաքականությանը, և մի քանի խնդիրներին, որոնց մենք բախվում ենք, երբ խոսքը վերաբերում է Թուրքիային, Հայաստանին և Ադրբեջանին: Նաև խոսեցի այն մասին, որ միջազգային հանրությունն ամեն անգամ ձախողում է ցեղասպան գաղափարախոսության ընդունումը, որը Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքի ակունքում է:
Գիտեք՝ ես նման համաժողովների հանդեպ սովորաբար թերահավատորեն եմ տրամադրված, սակայն այս մեկը բացառություն էր: Կազմակերպիչները հրավիրել էին գործնական մասնագետների, այլ ոչ թե միանման ելույթներ էին ներկայացնում: Նրանք հավաքել և ներկայացնում էին գործնական տեղեկություններ, որոնք առնչվում էին պատերազմի հանցագործություններին, ընդհանուր քաղաքականության խնդիրներին: Խոսք էր գնում Թուրքիայի ԱԹՍ-ների, ռազմագերիների մասին, ուստի բոլոր առումներով համաժողովն արժեքավոր էր:
Հարց - Ադրբեջանը պարբերաբար խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները: Այդ երկրում դեռ պահվում են հայ գերիներ, Ալիևը հայտարարում է, թե ցանկանում են Հայաստանի տարածքով միջանցք ստանալ, ինչը նույնպես հակասում է հայտարարությանը: Նաև հարկ է նշել Ադրբեջանի օկուպացրած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Ինչի՞ են ցանկանում հասնել Ալիևը և Ադրբեջանը՝ հաշվի առնելով, որ պատերազմի ավարտից անցել է գրեթե երկու տարի:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԱՀՊԱՆԵԼ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ. ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ
ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ պահպանել ճգնաժամային իրավիճակը: Դիտարկենք, օրինակ՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն: Նույնիսկ այն պարագայում, երբ Ադրբեջանը նավթից հսկայական ֆինանսական հոսքեր ունի, Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ավելի բարձր է: Դա պարզ ապացույց է, թե որքան կոռումպացված է դարձել ադրբեջանական ռեժիմը: Ադրբեջանի ժողովուրդը հասկանում է դա: Ալիևն օգտագործում է Հայաստանի հետ հակամարտությունը՝ որպես իրականության խեղաթյուրում: Խնդիրը, որ կա Արևմուտքում, այն է, որ այս հակամարտությանը նայում ենք որոշ տարածքների և սահմանների վերաբերյալ անհամաձայնությունների տեսակետից: Իրականում այդ տարաձայնությունների խթանիչ ուժն Ադրբեջանի գաղափարախոսությունն է, ինչը շատ ավելի բարդ է լուծել: Անհնար կլինի հասկանալ, թե ինչու են Ադրբեջանն ու Թուրքիան պահում իրենց այնպես, ինչպես հիմա, քանի դեռ չեք հասկացել Հայոց ցեղասպանությունը, և այն փաստը, որ 44-օրյա պատերազմը սկսվեց Անկախ Հայաստան Թուրքիայի ներխուժման 100-րդ տարելիցի օրը:
Հարց - Ի՞նչ եք կարծում, Վաշինգտոնի և Արևմուտքի քաղաքական գործիչները չե՞ն հասկանում Հայոց ցեղասպանության իրողություններն իրենց հետևանքներով՝ այսօրվա պատերազմների դեպքում:
ԹՅՈՒՐԸՄԲՌՆՈՒՄ ԿԱ, ԹԵ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՍԱԿԱՅՆ ԵՐԲԵՄՆ ԴԱ ԱՅԴՊԵՍ ՉԷ. ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ
ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Երկու բան կասեմ: Նախևառաջ՝ առաջընթաց կա: Տեսանք, որ նախագահ Ջո Բայդենն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը: Սակայն Վաշինգտոնում կա նաև մի մոտեցում, որը բնույթով գործարքային է: Մի կողմից ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը, մյուս կողմից՝ դրանից երկու օր առաջ բացառություն ենք անում «Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացման» համար, որն Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորություն է տալիս: Ուստի այս իրավիճակը ցույց է տալիս, որ չկա խորության իրական ըմբռնում: Երբեմն մարդիկ կարծում են, թե լռությունը նշանակում է խաղաղություն, սակայն այս դեպքում դա շփոթմունք է: Կա ցանկալին որպես իրականություն ընդունելու մեծ չափաբաժին: Եվ այդ ցանկալին որպես իրականություն ընդունելը շատ վտանգավոր կարող է լինել, երբ խոսքը Բաքվի պես ռեժիմների մասին է, որն ունի ֆանտաստիկ նավթային կարողություն և ցեղասպան գաղափարախոսություն: Այդ երկու տարրերի համադրությունը ապագայի աղետների բաղադրատոմսն է:
Հարց - Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացը՝ Բրյուսելում և Մոսկվայում կայացած մի քանի եռակողմ հանդիպումներից հետո, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հանձնաժողովի առաջին հանդիպումը՝ նաև հաշվի առնելով, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Ռուսաստանը ողջունել են երկխոսությունը:
ԱԼԻԵՎԸ ԴԱՐՁԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ «ԵՐԿՐՈՐԴ ՋՈՒԹԱԿԸ». ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ
ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Մի կողմից մենք աջակցում ենք այդ գործընթացին և միայն խոսքերով հայտարարում, թե այդ գործընթացը պետք է հանգուցալուծվի դիվանագիտական ճանապարհով: Սակայն ինձ թերահավատ կարող եք անվանել երկու պատճառով: Նախևառաջ՝ չեմ հավատում, որ Ադրբեջանն այսուհետև կարող է համարվել իսկապես անկախ պետություն: Արցախի դեմ իր պատերազմն իրագործելու և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու նպատակով Ալիևն Ադրբեջանի անկախությունը վաճառեց Թուրքիային և Ռուսաստանին: Դիտարկելով, թե այս ամենն ուր է տանում, ես հետևում եմ, թե ինչ ազդակներ է ուղարկում Թուրքիան: Ալիևն այս պահին դարձել է Էրդողանի «երկրորդ ջութակը», ինչ-որ կողմնակի ուժ: Չեմ հավատում, թե Էրդողանն անկեղծ է, նույնպես և չեմ հավատում Ալիևի անկեղծությանը: Պատճառն այն է, որ նրանք օգտագործում են հակամարտությունը և փորձում են հավերժացնել այն, որպեսզի թաքցնեն փաստը, որ իրենք կործանել են իրենց երկրների տնտեսությունը: Նրանք ցանկանում են ապակողմնորոշել հանրությանը: Հիմա նրանք փորձում են Արևմուտքում ամրագրել այն մտայնությունը, որ իրենք չպետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց արածի համար՝ դեռևս պահվող առնվազն 38 ռազմագերու և պատերազմի հանցագործությունների համար, որոնք, ի դեպ, փաստագրվել են տեսանյութերով: Նրանք ցանկանում են ազատվել այդ ամենի պատասխանատվությունից:
Միևնույն ժամանակ, չեմ կարծում, թե նրանք ցանկանում են որոշում կայացնել՝ խաղաղ պայմաններում ավարտելու Հայաստանի հետ հակամարտությունը: Պատճառը պարզ է՝ նրանք առաջնորդվում են գաղափարախոսությամբ, այլ ոչ թե տարածքային պահանջով:
Հարց - Ուկրաինայում ռազմական գործողություններն աննախադեպ լարվածություն են ստեղծել նաև աշխարհաքաղաքական հարթությունում: Ցավոք, այն իր ազդեցությունն է թողել նաև մեր տարածաշրջանային խնդիրների վրա, ինչպես գիտեք, այսօր բարդ է խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միասնական աշխատանքի մասին: Ի՞նչ եք կարծում, համանախագահների միջև նկատվող մրցակցությունն ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի և օրակարգային խնդիրների կարգավորման վրա:
ԱԼԻԵՎԸ ՎԱՐՊԵՏ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ. ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ
ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Կիսում եմ ձեր և մյուս հայերի հուսախաբությունը, որն առաջացել է Մինսկի խմբի անարդյունավետության արդյունքում: 44-օրյա պատերազմից հետո տեսանք, թե ինչպես է Էնդրյու Շոֆերը գնում Բաքու, և Ալիևը նրան տեսախցիկների առաջ նվաստացնում է: Էնդրյու Շոֆերը լավ մարդ է: Սակայն նա Վաշինգտոնից չուներ այն աջակցությունը, որը պետք է ունենար, քանի որ Վաշինգտոնը 44-օրյա պատերազմի ժամանակ կենտրոնացել էր ընտրությունների վրա, իսկ վերջերս էլ՝ Ուկրաինայի ուղղությամբ: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ով կփոխարինի Շոֆերին, որը պետք է նշանակվի իր հաջորդ առաքելությանը: Ահա հենց դա է իմ ամենամեծ մտահոգությունը: Ալիևը վարպետ է Արևմուտքին ապակողմնորոշելու հարցում: Այսօր էլ Ուկրաինայի իրավիճակն է շեղում: Այդ իսկ պատճառով ես մշտապես Վաշինգտոնին խորհուրդ եմ տալիս չշփոթել լռությունը խաղաղության հետ: Կա մի պարզ բան: Դեռևս պահվում են ռազմագերիներ, շարունակվում է ցեղասպան հռետորաբանությունը, որի ընթացքում մեկը հայտարարում է, թե Հայաստանի ամբողջ տարածքն Ադրբեջանի պատմական տարածքն է, ինչը սուտ է: Երբ խոսքն Արցախի ժողովրդագրության մասին է, մշակութային ցեղասպանության, հետքերը ջնջելու մասին, որն այսօր տեղի է ունենում Շուշիում և այլուր, պարզ է դառնում, որ Ալիևն անկեղծ չէ: Հայաստանը նման իրավիճակում բոլոր իրավունքներն ունի հիասթափվելու միջազգային հանրությունից, պարզապես որովհետև Մինսկի խումբն իր պարտականությունները կատարելիս արդյունավետ չի գործել: Այդ իսկ պատճառով անընդունելի եմ համարում, որ ԱՄՆ-ն ժամանակին կասեցրել է 907-րդ լրացումը, քանի որ դա միայն Հայաստանին աջակցելուն կամ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի փաստերին չի առնչվում:
Դա Կոնգրեսի գործողությունների ոգին պետք է լինի: Օրենքը հստակ նշում է, որ եթե Ադրբեջանը դրժել է ռազմական քաղաքականության պայմանավորվածությունները, ապա արժանի չէ որևէ ռազմական աջակցության: Ուստի, կարծում եմ, որ այդ բացառումը տեղի է ունեցել հենց գործարքային նպատակներով: Ես մտահոգված եմ, քանի որ դա հենց ԱՄՆ օրենքի խախտում է: Այդ հարցում ԱՄՆ Կոնգրեսը պետք է աչալուրջ լինի գործադիր մարմնի հանդեպ:
Հարց - Հայաստանը երկխոսություն է սկսել նաև Թուրքիայի հետ, և երկու երկրներն արդեն նշանակել են ներկայացուցիչների: Նրանք արդեն անցկացրել են երեք հանդիպում: Ընդհանուր առմամբ, ի՞նչ է տալիս այդ գործընթացը կողմերին, և ինչպե՞ս եք գնահատում այն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է. ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ
ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Ես վստահում եմ Հայաստանին՝ խաղաղության հաստատման ցանկության հարցում: Հայաստանը երբեք չի հարձակվել Թուրքիայի վրա: Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից անօրինական է: Հայաստանն իր գործողություններով ցույց է տվել, որ ցանկանում է խաղաղություն և հարաբերությունների կարգավորում և ցանկանում է վերջ դնել այդ շրջափակմանը:
Իսկ ի՞նչ է ցանկանում Թուրքիան: Էրդողանը պատրաստվում է հաջորդ տարվա ընտրություններին: Չեմ կարծում, թե Էրդողանը երբևէ կընդունի ժողովրդավարական և ազատ ընտրությունների արդյունքը: Կանխատեսում եմ, որ կառաջանան, այսպես ասած, «ճգնաժամեր», որոնք Էրդողանը կօգտագործի ընտրությունները չեղարկելու կամ հետաձգելու նպատակով, երբ պարզ դառնա, որ նա պարտվում է կամ չի կարողանալու մանիպուլյացիաների և կեղծիքի միջոցով հաղթել: Էրդողանն այժմ ցանկանում է խուսափել իր գործողությունների հետևանքների պատասխանատվությունից: Նա ցանկանում է ձևացնել, թե կառուցողական է եղել դիվանագիտության հարցում, որպեսզի իրեն ոչ ոք այլևս պատժամիջոցների չենթարկի՝ հաշվի առնելով նաև Թուրքիայի տնտեսության թուլացումը: Իր արածների համար նա պետք է մեղադրի միայն ինքն իրեն, քանի որ անցած 20 տարվա ընթացքում նա իր երկրում հաստատել է բռնապետական կառավարում: Միակ մեղավորը նա է, և թուրքերն արդեն սկսել են հասկանալ դա: Ուստի նա բանակցում է՝ լինելով անազնիվ:
Պետք է հասկանալ, որ Հայաստանի համար դիվանագիտության նպատակը խաղաղությունն է, Թուրքիայի համար դիվանագիտությունը՝ ոչ համաչափ պայքարի ռազմավարություն:
Հարց - Կարո՞ղ ենք ասել, որ Դուք ավելի շատ մտահոգ եք կարգավորման գործընթացի և բանակցության հանդեպ Թուրքիայի մոտեցմամբ և վերաբերմունքով:
ԷՐԴՈՂԱՆԻ ՕՐՈՔ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ 25 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴՈՒ ՄՈՏ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒՂԵՂԻ ԼՎԱՑՈՒՄ. ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ
ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Այո՛, իհարկե: Էրդողանը շարունակաբար ցուցադրում է, որ առաջնորդվում է գաղափարախոսությամբ: Նա ազնիվ չէ: Մարտավարական առումով նա տապալել է կարգավորումն Իսրայելի, Հունաստանի և Հայաստանի հետ: Սակայն նա կփորձի ամեն ինչ հարմար պահին ցաքուցրիվ անել: Ցավոք, նա կփորձի օգտագործել հակամարտությունները՝ Թուրքիայի հանրությանն ապակողմնորոշելու համար: Ինձ ամենաշատը մտահոգում է այն, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում կրկին ցանկալին ընդունում են որպես իրականություն՝ մտածելով, թե խնդիրը միայն Էրդողանն է: Պետք է հաշվի առնենք, որ անցած 20 տարվա ընթացքում էրդողանի օրոք կրթություն ստացած 25 միլիոն մարդու մոտ տեղի է ունեցել ուղեղի լվացում: Եվս մեկ բան: Եթե որևէ մեկը զինվորագրվել է Էրդողանի իշխանության գալու օրերին որպես շարքային, այսօր արդեն գնդապետ կամ ավելի բարձր կոչում ունեցող զինվորական է: Նա Թուրքիայի ամբողջ զինուժը հարմարեցրել է իր իմիջին: Եթե նախկինում, օրինակ՝ Թուրգութ Օզալի ժամանակ, որևէ հույս կար, հիմա դա էլ չկա: Թուրքիան բախվելու է սերունդների խնդիրների հետ:
Հարց - Թուրքիան հայտարարեց, որ Սիրիայում սկսել է նոր ռազմական գործողություն ահաբեկիչների դեմ, ինչպես իրենք են քրդական ուժերն անվանում: Հաշվի առնելով, որ քրդերին մեծապես աջակցում է ԱՄՆ-ն, ի՞նչ ազդեցություն կարող է այդ գործողությունն ունենալ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա:
ԹՈՒՐՔԻԱՆ ՋՆՋՈՒՄ Է ՔՐԴԱԿԱՆ ՀԵՏՔԸ ՍԻՐԻԱՅԻՑ. ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ
ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Նախ՝ մի բան ասեմ: Ես հաճախ եմ այցելում Սիրիայի հյուսիս և հյուսիս-արևելք: Երբ դիտարկում ենք Սիրիայից Թուրքիայի ուղղությամբ հարձակումները, թվերը չնչին են: Երբ դիտարկում ենք Թուրքիայի կողմից Սիրիայի ուղղությամբ հարձակումները, խոսքը հարյուրավորների մասին է: Երբ ես ՄԱԿ-ի ուղեկցությամբ այցելել էի Իրաքի սահմանին մոտ Սինջար, մեզ զգուշացրին, որ վերադառնանք մինչև մթնելը, քանի որ թուրքական ինքնաթիռները հարվածում են նույնիսկ ՄԱԿ-ի շարասյուներին: Թուրքիան ասում է, որ սիրիացի քրդերն ահաբեկիչ են: Սակայն ես 6 տարեկան ահաբեկիչների չեմ ճանաչում: Հենց նրանց են թիրախավորում թուրքական F-16-երը և ԱԹՍ-ները: Դիտարկենք նախադեպը: Դեռևս 2018 թ. Թուրքիան նմանատիպ պատճառաբանությամբ ներխուժեց Սիրիայի հյուսիսի Աֆրինի շրջան: Երբ այսօր դիտարկում ենք Աֆրինը, տեսնում ենք, որ թուրքերը պղծել են քրդերի գերեզմանները, ջնջել են քրդական ժառանգությունն այնպես, ինչպես նրանք անում են Արցախի օկուպացված շրջաններում: Նրանք նույնիսկ այնտեղ բացել են Թուրքիայի փոստային ծառայության գրասենյակներ: Նրանք Հյուսիսային Սիրիայում անում են այն, ինչ արել են Հյուսիսային Կիպրոսում: Նրանք չեն ձգտում ապրել իրենց սեփական սահմաններում: Այդ իսկ պատճառով էլ պետք է խիստ մտահոգ լինել՝ հատկապես հաշվի առնելով, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կասկածի տակ է առնում Լոզանի դաշնագիրը:
Հարց - Նաև, եթե չեմ սխալվում, նրանք Աֆրինում հիմնել են դպրոցներ, որպեսզի «կրթեն» այնտեղի երեխաներին:
ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Ճիշտ է, նրանք արել են դա: Նրանք հրաժարվում են անձը հաստատող փաստաթուղթ տրամադրել քրդերին և այն կանանց, որոնք հրաժարվում են կրել մուսուլման եղբայրների ոճով փարաջաներ, ուստի այդ ամենն ունի նաև կրոնական բաղադրիչ: Չնայած քրդերն էլ են մահմեդական, Էրդողանն ինքը խիստ պահպանողական, նեղ մտահորիզոն ունեցող մահմեդական է, ինչը շատ հեռու է ավանդական անատոլիական սուֆիզմից: Ուստի ունենք մի իրավիճակ, երբ գործ ունենք փաստերով ապացուցված էթնիկ զտումների հետ: Այսօր, երբ Թուրքիան Բայդենի վարչակազմից F-16 կործանիչների գնման թույլտվություն է ստացել, դա նրանք ընդունում են որպես էթնիկ զտումները շարունակելու թույլտվություն:
Թուրքիան ասում է, թե իրենք ցանկանում են Սիրիայի տարածքում խորանալ միայն 30 կմ: Սակայն երբ նայում ենք քարտեզին, պարզ է դառնում, որ դա Քոբանիի տարածքն է, որտեղ քրդական ուժերը ջախջախել են «Իսլամական պետությանը»: Այնտեղ կա հոծ բնակչություն: Ուստի կարող ենք խոսել ամբողջական էթնիկ զտումների մասին: Նրանք քրդերին ուղարկում են Սիրիայի անապատներ՝ Դեր Զորի տարածք, ինչպես արել են հայերի հետ՝ Ցեղասպանության տարիներին:
Հարց - Ավելի քան 100 տարի առաջ:
ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Այո՛:
ԷՐԴՈՂԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԽՈՒՍԱՓԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ. ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ
Հարց - Թուրքիան լարված հարաբերություններ ունի Հունաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների հետ՝ չնայած արաբական աշխարհի երկրների հետ հարաբերությունների կարգավորման որոշ քայլեր են ձեռնարկվել: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Հունաստանի, Միջերկրական ավազանի և արաբական երկրների հետ կապված իրավիճակում:
ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ - Այսօր տեսնում ենք, որ Էրդողանը, որն անցյալում տապալեց Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, հանկարծ ասում է, որ չի ցանկանում նստել Հունաստանի վարչապետի հետ միևնույն սենյակում: Նա բարկացել էր, որ Հունաստանի վարչապետն իր ամերիկյան այցի ընթացքում Կոնգրեսի պալատների համատեղ նիստի ընթացքում արժանացել էր հոտնկայս ծափահարությունների: Իրողությունն այն է, որ տեսնում ենք՝ երբ Էրդողանը որևէ տեղ ձախողում է տեսնում, ձեռնարկում է միջոցառումներ, որպեսզի խուսափի պատասխանատվությունից: Արևմուտքը հաճախ է ընկնում այդ թակարդը, երբ չի ցանկանում որևէ այլ տեղ խաղաղության ջանքերին վնասել՝ դրանով Թուրքիայի համար կանաչ լույս է վառում: Արևելյան Միջերկրականի խնդիրներից մեկն էլ այն է, երբ փոքր երկրները, օրինակ՝ Կիպրոսը, հաճախ զիջումներ կատարելու ճնշումների են ենթարկվում Եվրոպայի կողմից, երբ վերջինը Թուրքիայից ինչ-որ բան է ցանկանում ստանալ, օրինակ՝ Բելառուսի հանդեպ պատժամիջոցների հարցում: Խնդիրն այն է, որ Կիպրոսի և Հայաստանի նման փոքր երկրները պետք է զգուշանան հազարավոր կիլոմետրեր իրենցից հեռու գտնվող և արտգործնախարարություններում աշխատող մարդկանցից, որոնք միամտաբար փորձում են Էրդողանի հետ գործարքներ կնքել: Նրանք չեն հասկանում, որ պատճառը, թե ինչու է Էրդողանն անընդհատ ճգնաժամեր առաջացնում, այն է, որ իրենց այդ փոքր երկրներից զիջումներ էին կորզում:
Պարո՛ն Ռուբին, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: