ՖՐԱՆՍԻԱՆ ՊԵՏՔ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ԿԱՏԱՐԻ. ՄԱԿՐՈՆ
Վերջին կես տարում Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցների ընդհանուր տևողությունը կազմել է առնվազն 100 ժամ՝ հայտարարել է Էմանուել Մակրոնը:
«Իրավիճակն Ուկրաինայում իսկապես բարդ է, այդ պատճառով ես այդ հարցին այդքան ժամանակ և էներգիա եմ նվիրել»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարը:
Նա հավելել է, որ այդ բանակցությունները գաղտնի չի պահել, և դրանք վարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խնդրանքով:
«Չի կարելի նվաստացնել Ռուսաստանը: Երբ մի օր ռազմական գործողություններն ավարտվեն, մենք կկարողանանք դիվանագիտության միջոցով ճանապարհ հարթել ճգնաժամից դուրս գալու համար: Ես համոզված եմ, որ Ֆրանսիան պետք է միջնորդի դեր կատարի»,- ընդգծել է Մակրոնը:
ՄԵՆՔ ՔԱՆԴԵԼ ԵՆՔ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԸ. ԷՐԴՈՂԱՆ
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նոր ռազմական գործողությունների նպատակն է հարավային սահմանների անվտանգությունն ապահովելը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի մեր զինված ուժերը ներառվեն աշխարհի ամենաժամանակակից բանակների շարքում։ Մենք քանդել ենք ահաբեկչության միջանցքը, որը փորձում էին ձևավորել մեր հարավային սահմաններին։ Մենք հանգամանորեն ուսումնասիրում ենք իրավիճակը»,- ասել է Էրդողանը:
Թուրքիան նախկինում Սիրիայում իրականացրել է «Եփրատի վահան», «Ձիթենյաց ճյուղ» և «Խաղաղության ակունք» ռազմագործողությունները: Էրդողանը կրկին հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ նրանք օգնում են Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ԱԳՆ
Անկարայում Հունաստանի դեսպան Խրիստոդուլոս Լազարիսին կանչել են հանրապետության ԱԳՆ՝ Աթենքում Թուրքիայի դեսպանության մոտ Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) կազմակերպած ցույցերի պատճառով:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ արտգործնախարարությունում հույն դիվանագետին ներկայացրել են Անկարայի մոտեցումը Հունաստանում ՔԱԿ-ի ներկայության ու գործունեության վերաբերյալ: Ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության՝ կազմակերպությունը Հունաստանում հեշտությամբ զբաղվում է քարոզչությամբ և հավաքագրմամբ, ինչպես նաև ծավալում է ֆինանսական գործունեություն:
Անկարան ՔԱԿ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն, ինչպես նաև երկրի ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը։
«ՌՈՍԱՎԻԱՑԻԱՆ» ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԸ
«Ռոսավիացիան» 17-րդ անգամ երկարաձգել է Ռուսաստանի Դաշնության կենտրոնական և հարավային մասի օդանավակայաններ թռիչքների արգելքը։
«Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումները երկարացվել են մինչև 2022 թվականի հունիսի 12-ը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը: Ժամանակավոր սահմանափակվում են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա»,- ասվում է հաղորդագրության մեջ։