Հակակոռուպցիոն կոմիտեն այսուհետ կքննի պետական համակարգում և հանրային ոլորտում կատարված կոռուպցիոն հանցագործությունները: Խորհրդարանն օրեր առաջ ամբողջությամբ ընդունել է «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Թեթևացնել Հակակոռուպցիոն կոմիտեի ծանրաբեռնվածությունը և բարձրացնել նախաքննության կատարման արդյունավետությունը՝ սա նախագծի նպատակներից էր:
Ամիսներ առաջ ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեն քննում էր Հայաստանի ամբողջ տարածքում կատարված բոլոր կոռուպցիոն հանցագործությունները, այդ թվում՝ մասնավորի: Նաև այնպիսի հանցատեսակներ, որոնք հիմնականում կոռուպցիոն որևէ հատկանիշ չէին պարունակում:
Մուշեղ Բաբայան (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար) - Մեր հաշվարկները ցույց տվեցին, կանխատեսումներն էլ վատ իմաստով արդարացան, որ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով քրեական գործերը այնքան շատ էին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների քանակը միանշանակ չէր բավարարելու դրանցով արդյունավետ քննություն և մինչդատական վարույթ իրականացնելու համար:
Անցած 7 ամսվա ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի 24 քննիչների վարույթում քննվել է մոտ 500 քրեական գործ, այսինքն՝ յուրաքանչյուր քննիչ իր վարույթում միջինն ունեցել է 21 գործ:
Մուշեղ Բաբայան - Սա աննախադեպ ծանրաբեռնվածություն է, և կային ռիսկեր, որ այդ ծանրաբեռնվածությունը կարող էր ազդել արդյունավետության վրա: Իհարկե, ի պատիվ քննիչների, նրանց ամենօրյա հետևողական գերծանրաբեռնվածության աշխատանքի՝ էդ ռիսկերը հնարավոր էր կառավարել մինչև օրս:
Այժմ կունենան բավարար ժամանակ կոռուպցիոն առավել բարդ, առավել մեծ վնաս պատճառող հանցագործությունների բացահայտման և քննության համար՝ նշում է Բաբայանը:
Մուշեղ Բաբայան - Գործ ենք ունենում այնպիսի դեպքերի հետ, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն ու գումարները «հնարամիտ» եղանակներով հանրապետությունից դուրս են բերվում կամ արդեն դուրս են բերվել: Էս տեսակի ապօրինի ծագում ունեցող գույքի դրամական միջոցների հայտնաբերման, դրանց բացահայտման, արգելադրման արդյունավետությունը մեծապես կախված է օտարերկրյա իրավապահ մարմինների հետ համագործակցության ինտենսիվությունից, արագությունից և օպերատիվությունից:
Սա էլ որպես փաստարկ էր Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին կենտրոնացնելու, մասնագիտացնելու կոնկրետ քրեական գործերի քննության վրա:
Այսպիսով՝ փոփոխության արդյունքում այսուհետ այլ նախաքննական մարմինները կքննեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տարբեր իրավաբանական անձանց, աշխատակիցների թույլ տված կոռուպցիոն չարաշահումները և այն հանցագործությունները, որոնք կկատարվեն հանրային ծառայության ոչ պաշտոնատար անձանց կողմից: Ի թիվս այլ աղմկոտ գործերի՝ Հակակոռուպցիոն կոմիտեին էին փոխանցվել նաև «Մարտի 1»-ի քրեական գործը և դրանից անջատված մի շարք քրեական գործեր, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ապօրինի հարստացմանը: Այս գործը կշարունակվի քննվել նույն կառույցում:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան