Ջրաշենի միջնակարգ դպրոցի դասամիջոցներն անաղմուկ են: Երեխաները միջանցք են դուրս գալիս հանգիստ, զգույշ:
Աշակերտ - Ես չեմ վազում...
Սամվել Պողոսյան (Ջրաշենի դպրոցի տնօրեն) -Դասամիջոցներին հանգիստ են, չեն վազվզում, որովհետև գիտեն՝ փոշի է բարձրանում, հավաքարարը ամեն դասամիջոցից հետո ջուր է ցանում միջանցքում, որ փոշի չլինի:
Երբ մանրահատակը տարիների ընթացքում մաս-մաս քանդվեց, դուրս եկավ, միջանցքներն ու դասարանները հայտնվեցին բետոնե հատակին: Ժամանակի ընթացքում դա էլ քայքայվեց՝ երեխաների ոտքերի տակ փոսեր ու խոռոչներ գոյացնելով: Անհրապույր դասասենյակներում գրատախտակին մոտենալու ճանապարհն անգամ անվտանգ չէ:
Աշակերտ - Ես կուզեի, որ հատակը նորոգվեր, պատերին ճաքերը չլինեին:
Փոսերը հարթեցնելու համար գործի են անցել ծնողները, ցեմենտ-ավազ են գնել, սպասում են՝ ուստարին ավարտվի, որ գոնե տարրական դասարանի հատակը բետոնապատեն:
Աշակերտ - Իմ պապան գալու է, որ սարքի:
Արտավազդ Հակոբյան (Ջրաշենի դպրոցի փոխտնօրեն) - Ծնողները ժողով են արել, որոշել են համայնքի ուժերով, ձգտում ենք ինչ-որ բան անել:
Դպրոցը 46 տարի առաջ է կառուցվել: Գրեթե երբեք չի նորոգվել: Միայն տարիներ առաջ պետական միջոցներով նորացվել են տանիքն ու մասնաշենքերից մեկի պատուհանները: Տարեցտարի քայքայվող շենքում դաս անելը դարձավ անհնար հատկապես ձմռանը: Քամին ու ցուրտը ներս են մտնում, ծխացող վառարանները չեն հասցնում տաքացնել դասարանները:
Սամվել Պողոսյան - Նախկին մարզպետը, որ հիմա փոխվարչապետ է, եղել է դպրոցում, Կառավարությունը 2 մլն փոխանցեց, վառարանները փոխարինել ենք պլիտաներով:
Էլեկտրական վառարաններն էլ հարցի լուծում չեն, եթե դպրոցը բետոնե հատակով է, իսկ պատերը խոնավությունից ծեփահան են լինում: Այս և հիմնանորոգման կարիք ունեցող մի շարք դպրոցներ ոտքի կանգնեցնելու համար մարզպետարանը հայտ է ներկայացրել Կառավարություն: Ջրաշենի դպրոցը, ի դեպ, նաև մարզի միջնաժամկետ զարգացման ծրագրերի ցանկում է: Բայց որևէ փաթեթով այն դեռևս հաստատված չէ:
Աշոտ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ) - Եթե այս տարի չներառվեց, հաջորդ տարի կներկայացնենք, բայց տարին դեռ չի կիսվել, այնպես որ, հույս ունենք՝ Կառավարությունը Ջրաշենն ու մյուս դպրոցները հնարավորության դեպքում կընդգրկի վերանորոգվողների ցանկում:
Մինչև վերանորոգումը որևէ ծրագրով կհաստատվի, դպրոց-համայնք փոխգործակցությամբ կփորձեն կարգի բերել շենքը: Դպրոցի սալորի այգուց հավաքած բերքը կվաճառեն համայնքի չրագործներին, գումարով նորոգման որևէ աշխատանք կանեն: