Դատավորը տարեկան մինչև 1000 գործ է քննում՝ սա շատ մեծ թիվ է, և նման ծանրաբեռնվածությունից տուժում է աշխատանքի արդյունավետությունը: Արձանագրումը արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Տիգրան Դադունցինն է:
Տիգրան Դադունց («Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն) - Իհարկե դա ազդում է դատավորի աշխատաժամանակի վրա՝ նա ռեսուրս է ծախսում դրա վրա, բայց նման փոքր գործեր քննելու համար, բովանդակային առումով, շատ աշխատանք դա իրենից չի պահանջում, որովհետև դրանք պարզ կամ ստանդարտ գործեր են: Դրա պատճառով տուժում են արդեն ավելի բարդ գործերը, որոնք դատավորը պետք է քննի:
Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությամբ իրականացված արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համատեղ քննարկմանը, Դադունցի խոսքով՝ եկել են եզրահանգման, որ համակարգի մի շարք խնդիրների պատճառը դատարանների, դատական իշխանության հետ սերտ համագործակցության բացակայությունն է. լրացնելու են այդ բացը:
Տիգրան Դադունց - Համագործակցության համաձայնության ենք եկել հատկապես հասկանալու՝ կա՞ն արդյոք հնարավորություններ ավելացնելու դատավորների և օգնականների թվակազմը: Նշեմ, որ 2021-ին և 2022-ի սկզբին դատավորի՝ ընդհանուր 60-ից ավելի հաստիք է ավելացվել Հայաստանի տարբեր դատական ատյաններում, բայց, իհարկե, գիտենք, որ դա դեռ քիչ է, դեռ կարիք կա ավելացման:
«Արդարադատության վրա աղոթող» դատավորներ պետք է ունենանք՝ ասում է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը՝ հավելելով, որ կարելի էր ավելի լավ դատական համակարգ ունենալ: Քաղհասարակության ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանում երեք իշխանություններից միայն դատականն է, որ ժողովրդին չի պատկանում:
Հովսեփ Խուրշուդյան («Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ) - Դե, պետք է օր առաջ սկսել այդ գործընթացը: Դա շատ կարևոր է այն իմաստով, որ հարյուրներով դատավորներ են մեզ պետք: Այո՛, դատավորների թիվը շատ քիչ է: Եվ նոր դատավորներով կարելի էր նաև իրավիճակ փոխել՝ ընդհանուր համակարգը բալանսի բերելով: Բայց դրան զուգահեռ, պետք է անպայման պատժվեն հատկապես օդիոզ (խիստ անցանկալի) դատավորները, որովհետև նրանց առկայությունը համակարգում ցույց է տալիս, որ անարդարությունը մեր պետության մեջ անձեռնմխելի է. դա չի կարելի թույլ տալ:
Խուրշուդյանը դեմ չէ արդարադատության նախարարության մոտեցմանը, որ դատավորները պետք է լավ վարձատրվեն, սրան զուգահեռ նկատում է՝ հայաստանյան իրականության մեջ անկարելի է դատավորի և այլ մասնագետի ստացած գումարի ահռելի տարբերությունը. դատավորներից բացի, աշխարհում այլ մասնագիտություններ էլ կան, որ բավական բարձր են վարձատրվում, բայց մեզ մոտ այդպես չէ:
Հովսեփ Խուրշուդյան - Ուրեմն այդ ամբողջը պետք է հաշվի առնվի, և դատավորներն էլ պետք է դա հաշվի առնեն, երբ ավելի բարձր աշխատավարձ են պահանջում, չնայած այսօր իրենք արդեն բավականին բարձր են վարձատրվում:
Քննարկվում է նաև դատական համակարգում կառուցվածքային փոփոխությունների հնարավորությունը Սահմանադրական բարեփոխումների համատեքստում: Չի բացառվում, օրինակ՝ Սահմանադրական և Վճռաբեկ կամ վերաքննիչ ու Վճռաբեկ դատական ատյանների միավորումը: Հարցերը լուրջ են, մոտեցումները՝ տարբեր, քննարկումները՝ շարունակական:
Հեղինակ՝ Էդուարդ Հովհաննիսյան