Արևմուտքը չի փորձում ձգձգել ռազմական գործողություններն Ուկրաինայում, ինչպես նաև կոչ է անում Ռուսաստանին դադարեցնելու դրանք՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անհապաղ վերջ դնելու այս հակամարտությանը և բոլոր տառապանքներին ու գլոբալ ցնցումներին, որոնք առաջացել են պատերազմի պատճառով: Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ մեր դաշնակիցներն ու գործընկերները չեն փորձում ձգձգել այդ պատերազմը, որպեսզի ցավ պատճառեն Ռուսաստանին»,- ասված է Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։
Պետքարտուղարության ղեկավարի կարծիքով՝ Վաշինգտոնը հարգանքով է վերաբերվում ՌԴ քաղաքացիներին և նրանց թշնամի չի համարում ու մաղթում է արժանապատիվ ապագա:
Միևնույն ժամանակ, Բլինքենն ընդգծել է Ուկրաինայի ռազմական ներուժն ամրապնդելու՝ ԱՄՆ ցանկությունը:
«Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան և բարգավաճող Ուկրաինա, որն ունի միջոցներ, որոնք թույլ են տալիս զսպել ապագա ագրեսիան և պաշտպանվել դրանից»,- հավելել է պետքարտուղարը:
Ամփոփելով Ուկրաինայում ռազմական գործողությունների 100-րդ օրը՝ նա վստահություն է հայտնել, որ Կիևն ի վերջո կհաղթի: