ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհում կրոնական ազատության մասին իր ամենամյա զեկույցը։ Փաստաթղթի «Ադրբեջան» բաժնում հիշատակվում են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետևանքների» վերաբերյալ բանաձևում տեղ գտած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տասնյակ հայկական եկեղեցիների, վանքերի, այդ թվում՝ Դադիվանք վանական համալիրի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ կոթողների ապագայի վերաբերյալ:
Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը հայ ուխտավորներին բազմիցս մերժել է մուտք գործել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում գտնվող վանական համալիր։ Զեկույցում նշվում է, որ հայկական մշակութային ժառանգությունը այսպես կոչված «կովկասյան ալբանական» ժառանգությամբ փոխարինել Ադրբեջանի պետական մակարդակով հնչող նարատիվը մտահոգիչ է:
Հեղինակներն ընդգծում են, որ վերջին շրջանում բազմաթիվ հաղորդումներ են ստացվել Ադրբեջանի կառավարության կողմից հայկական ժառանգության դեմ դիտավորյալ գործողությունների, ինչպես նաև մշակութային և կրոնական օբյեկտների նկատմամբ վանդալիզմի դեպքերի մասին:
ՀՐԴԵՀ ՄՈՍԿՎԱՅԻ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ. ՏՈՒԺԵԼ Է ՉՈՐՍ ԱՆՁ
Մոսկվայի արևմուտքում գտնվող բիզնես կենտրոններից մեկում այսօր առավոտյան բռնկված խոշոր հրդեհն ամբողջությամբ մարվել է՝ հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 1000 քմ, 4 հոգի, այդ թվում՝ նախարարության աշխատակիցներ, տեղափոխվել են հիվանդանոց։ Այրվող բիզնես կենտրոնից տարհանվել է շուրջ հազար մարդ։ Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է կարճ միացման պատճառով։
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՌԱԴԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ Է
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և կանցլեր Օլաֆ Շոլցն ընդունել են Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին։ Deutsche Presse-Agentur գործակալության հաղորդմամբ՝ վերջինս պահանջել է ավելի շատ զենք տրամադրել Կիևին և հայտնել է, որ Ուկրաինայում իրավիճակի կայունացման դեպքում Զելենսկին կայցելի Գերմանիա։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել էր Կիևում ընդունել Շտայնմայերին Ռուսաստանի հանդեպ մեղմ դիրքորոշման պատճառով։ Այնուհետև առաջնորդները հեռախոսազրույց էին անցկացրել, ինչից հետո տարաձայնությունները, կարծես, հարթվել են։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարն էլ հայտնել է, որ Բեռլինը կողմ է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը, սակայն արագացված ընթացակարգ, Աննալենա Բերբոքի խոսքով, չի ակնկալվում։
ԹՈՒՐՔԻԱՆ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԼՈԳԻՍՏԻԿ ՏԱՐԱՆՑԻԿ ԿԵՆՏՐՈՆԻ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Թուրքիան վերածվել է բեռնափոխադրումների համար տարանցիկ կենտրոնի՝ հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն:
«Պետք է հզորացնենք մեր ենթակառուցվածքները, քանի որ Չինաստանն ու Ղազախստանը այլևս չեն կարողանում Ռուսաստանով բեռներ տեղափոխել դեպի Եվրոպա: Միակ այլընտրանքը Թուրքիան է»,- նշել է ԱԳ նախարարը, հավելել՝ Անկարան ջանում է ճգնաժամերը վերածել հնարավորությունների:
ՄՈՍԿՎԱՅԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մոսկվային անհանգստացնում են Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու մասին Անկարայի հայտարարությունները։ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ Թուրքիան զերծ կմնա արաբական հանրապետությունում իրավիճակի վատթարացմանը հանգեցնող գործողություններից, հակառակ դեպքում դրանք կդիտարկվեն որպես Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։