Իտալիայի ազգային տոնի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 2-ին հյուրընկալվել և ելույթով հանդես է եկել Հայաստանում Իտալիայի դեսպանատանը։
Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոնի հետ փոխադարձաբար ընդգծել են հայ և իտալացի ժողովուրդների հազարամյա պատմության ընթացքում ունեցած բարեկամական ջերմ հարաբերությունները, խոսել մշակութային, հոգևոր հարուստ ավանդույթների մասին։
«Շնորհավորական խոսքում մասնավորապես ընդգծեցի, որ հայերենով տպագրված առաջին գիրքը լույս է տեսել Վենետիկում՝ 1512 թվականին: Հայկական մշակույթի վերածննդի կարևորագույն կենտրոններից է Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, որտեղ շուրջ երեք դար գործում է հայագիտության առանցքային կենտրոններից մեկը՝ Մխիթարյան հայրերի միաբանությունը։
Այն անգնահատելի ներդրում է ունեցել ոչ միայն հայ, այլև համաշխարհային գիտամշակութային ժառանգության հարստացման գործում։ Հատկանշական է, որ Իտալիան հյուրընկալում է ամենամեծ թվով հայագիտական կենտրոնները։
Վստահ եմ, որ մեր ժողովուրդների բարեկամության վաղեմի ավանդույթների վրա հիմնված հայ-իտալական ջերմ հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն ամրապնդվել ու զարգանալ»,- գրել է Արշակյանը: