Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանում ավարտական քննություններից երկուսը՝ «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից, կանցկացվեն կենտրոնացված՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի հաստատած քննական կենտրոններում: Իսկ «Բնագիտություն» առարկայի քննությունը ԳԹԿ թեստերի միջոցով կանցկացվի վերջին անգամ: Կենտրոնացվածը բավական նման է միասնական քննությանը:
Կարո Նասիբյան (Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն) - Տվյալ տարածաշրջանի կամ տվյալ հատվածի 9-րդ դասարանի շրջանավարտները հավաքվում են մի դպրոցում և հանձնում են մի դպրոցում, և քննության ժամանակ իրենց ուսուցիչները չեն լինում կազմակերպիչները, իրենց ուսուցիչները չեն լինում նաև ստուգողները:
Կենտրոնացված քննությունների առաջին փորձը 2019 թվականին էր՝ միայն հայերենից: Հիմա ավելացել է մաթեմատիկան:
Կարո Նասիբյան - Մենք անընդհատ ասում ենք՝ այն մարդիկ, ովքեր դասավանդել են սովորողներին, կուզենայինք, որ քննությունը իրենք չվերցնեն, աստիճանաբար դրան պիտի գնանք:
Սովորողների կարծիքները կենտրոնացված քննությունների մասին տարբեր են: Նրանք, ովքեր այդ փորձն արդեն ունեն, համեմատում են իրենց դպրոցում անցկացվող քննությունների հետ, մյուսները պատրաստվում են լավագույնս ներկայացնել գիտելիքները:
Վահե Հակոբյան (Երևանի համար 197 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ) - Կենտրոնացված քննությունները մեզ համար ընդհանրապես դժվարություն չեն, մենք ամեն ինչին էլ պատրաստ ենք, նույնիսկ պատրաստ ենք այլ դպրոցում հանձնել քննությունները: Ինձ թվում է՝ 9-րդ դասարանում դրա անհրաժեշտությունը չկար, մենք դեռ փոքր ենք, ի տարբերություն 12-րդ դասարանցիների, բայց ամեն դեպքում պատրաստ ենք դրան:
Գոռ Պետրոսյան (Երևանի համար 197 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ) - Մենք վստահ ենք մեզ վրա, որովհետև մեր ուսուցիչները այնպես են արել, որ կարող ենք, էլի, հաստատ առանց պրոբլեմի հանձնել, հետո ապագայում լավ ինստիտուտներ ընդունվել:
Գոռ Կարապետյան (Երևանի համար 142 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ) - Հիմնականում տարբերությունները այսպես ասած քիչ էին, որովհետև միայն, կարելի է ասել՝ հսկիչներն էին ուրիշ, բայց, ընդհանրապես, դա ոնց որ սովորական քննություն լիներ, ով որ պատրաստվել էր, կարող էր հանձնել քննությունը հեշտությամբ:
Անահիտ Բադալյան (Երևանի համար 142 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ) - Միանշանակ, դրան ավելի լուրջ էինք վերաբերվում: Ավելի խիստ էր, ավելի լուրջ էր ամեն ինչ, կարծում եմ՝ այնքանով է լավ, որ մեզ համար փոքր-ինչ փորձ է դառնում, և հետագա քննություններին՝ արդեն բուհական, արդեն ավելի հեշտ է լինում:
Հիմնական դպրոցի գրեթե 34 հազար շրջանավարտի գիտելիքները կստուգվեն 269 քննական կենտրոնում: Դրանք կլինեն յուրաքանչյուր քաղաքում ու նաև որոշ գյուղերում: Ի դեպ, միասնական քննությունները անցկացվելու են ընդամենը 41 քննական կենտրոնում: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կարող են քննությունը հանձնել կենտրոնացված կամ իրենց դպրոցներում: Մտավոր զարգացման խանգարում ունեցող երեխաները կարող են չմասնակցել քննություններին և ստանալ միայն ավարտական փաստաթուղթ՝ առանց քննական գնահատականների:
Կարո Նասիբյան - Ունենք երեխա, որը հիվանդանոցում է, կարելի է ասել՝ ծանր հիվանդությամբ, բնականաբար, նախարարությունն ընդառաջել է, և այդ երեխայի համար մենք առանձին թեստ ենք ուղարկելու, և դպրոցը կազմակերպելու է հիվանդանցում:
Ինչ վերաբերում է «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից թեստային քննությանը՝ սովորողի ընտրությամբ, կարգում փոփոխություն է կատարվել, և արդեն հաջորդ տարվանից քննությունը կլինի լաբորատոր փորձերի հիման վրա՝ բանավոր: Մնացած առարկաներից քննությունները նույնպես արդեն մի քանի տարի է՝ բանավոր են:
Հեղինակ՝ Աննա Զախարյան