Հայաստանի ֆոնդային բորսայի տվյալով՝ այս տարվա ապրիլին պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 65.2 մլրդ դրամ, իսկ կորպորատիվ պարտատոմսերի դեպքում շուկայի ծավալը կազմել է ավելի քան 475 մլրդ դրամ, որը 1.5%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Կարեն Զաքարյան (Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն) - Մենք էսօր արդեն Հայաստանի ֆինանսական շուկայում կորպորացիաների թողարկած, այսինքն՝ ոչ պետական հատվածի թողարկած, բանկերի և այլ մասնավոր ընկերությունների կողմից թողարկված ավելի քան 1 մլրդ դոլարի կորպորատիվ պարտատոմսեր, որի ծավալները վերջին 3 տարվա ընթացքում գրեթե եռապատկվել են:
Պարտատոմսը կարելի է համեմատել ավանդի հետ, ֆիզիկական անձը, օրինակ՝ մեկ տարով գումար է տրամադրում պետությանը կամ այլ մասնավոր ընկերությանը, դրա համար ստանում տոկոսադրույքներ՝ հիմնականում ավելի բարձր, քան ավանդի պարագայում, ընդ որում՝ բորսայում ներառված պարտատոմսերից ստացված գումարից քաղաքացին եկամտահարկ չի մուծում՝ ի տարբերություն ավանդի: Ի դեպ, բանկերի թողարկած պարտատոմսերը օրենքով հավասարեցված են ավանդներին և երաշխավորվում են:
Նարեկ Զաքարյան (ֆինանսիստ) - Բազմաթիվ տեսակներ կան՝ շերտերով դասավորված տարբեր տեսակի պարտատոմսեր: Ամենացածր շերտը որևէ կերպ ապահովագրված չէ, այսինքն՝ ընկերության սնանկության դեպքում պարտատոմսի սեփականատերը նույնկերպ ոչինչ չի ստանա, ինչ բաժնետոմսի սեփականատերը:
Սա վերաբերում է մասնավոր այլ ընկերությունների պարտատոմսերի ձեռքբերմանը: Եթե այս ճյուղում դրական դինամիկա կա, ապա բաժնետոմսերի վաճառքի առումով հայաստանյան ընկերություններն ավելի պասիվ են:
Նարեկ Զաքարյան - Հետսովետական երկրներում շատ քիչ է զարգացած, նույնիսկ Ռուսաստանը, որ ունի շատ մեծ մասշտաբներ, ու տնտեսությունը շատ ակտիվ է, նույնիսկ էնտեղ, ի տարբերություն եվրոպական համանման տնտեսությունների, էնտեղ էլ բաժնետոմսերի շուկան փոքր է: Սա, կարծում եմ, գալիս է այն հանգամանքից, որ սոցիալիզմի ժամանակաշրջանում չէր կարելի և դեռ նոր ազատականացող շուկաներում, մի քանի տասնամյակ է՝ ինչ ազատականացվել է շուկան, չի հասցրել այդ ոլորտը ևս զարգանալ:
Տեղական ընկերությունները բաժնետոմսերի շուկայում պասիվ են, քանի որ նախևառաջ չեն ցանկանում կորցնել բիզնեսի նկատմամբ վերահսկողությունը՝ մանրամասնում է Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը: Բայց, հիշեցնում է՝ վերջին օրենսդրական փոփոխությունները, որով բաժնետիրական ընկերությունները կարող են տարբեր տեսակի բաժնետոմսեր թողարկել, որոնք ունեն որոշումներ ընդունելու տարբերակված իրավունք:
Կարեն Զաքարյան - Ըստ էության, բիզնեսի հիմնադիրները կարող են ունենալ ավելի քիչ մասնաբաժին տնտեսական շահի տեսակետից, բայց ունենան ձայնի ավելի մեծ իրավունք՝ էդպիսով չկորցնելով ընկերության կառավարման նկատմամբ վերահսկողությունը: Օրինակ՝ նույն կերպ Ֆեյսբուքում է՝ Մարկ Ցուկերբերգը ունի Ֆեյսբուքում քվեարկով բաժնետոմսերի մեծամասնությունը, բայց տնտեսական էֆեկտի տեսանկյունից իր մասնաբաժինը շատ ավելի փոքր է:
Զաքարյանը վստահ է՝ հասունանալու է պահը, երբ ընկերությունները հերթով կմտնեն կապիտալի շուկա, կընդլայնեն բիզնեսը: Մասնագետներն ասում են՝ արժեթղթային ոլորտը Հայաստանում զարգացնելու համար պետք է նաև բարելավվի օրենսդրական դաշտը, կարգավորումները դառնան ավելի մատչելի ու բարենպաստ, ինչպես նաև զարգացնել տեխնոլոգիական լուծումները: