2021 թ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ընդհանուր առմամբ իրականացրել է 22 ծրագիր՝ 160 միջոցառմամբ: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Այդ ծրագրերի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 243 մլրդ դրամ:
Ծախսային մասը կազմել է 201 մլրդ, ենթավարկերը՝ 42 մլրդ։ Կատարողականը կազմել է 94,5 տոկոս: Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 3-ի համատեղ նիստում:
111 մլրդ 731 մլն դրամի շրջանակում իրականացվել են տարածքային կառավարման ոլորտին՝ ներառյալ քաղաքային զարգացման հատվածին, միգրացիային, թափոններին ու պետական գույքին վերաբերող ծախսերը: Այստեղ կատարողականը կազմել է 95,5 տոկոս: Իրականացվել է 11 ծրագիր՝ 75 միջոցառումով:
Ամենախոշորը եղել է «Տարածքային զարգացում» ծրագիրը: Այս ծրագրի կատարման համար նախատեսված է եղել հատկացնել 82 մլրդ 800 մլն, սակայն, ճշտված պլանով, հատկացվել է 82 մլրդ: Կատարողականը կազմել է 98 տոկոս:
Հաշվետու տարում ՏԻՄ-երին հատկացվել է 64 մլրդ 597 մլն դրամ դոտացիա: Մարզերին տրամադրվող սուբվենցիոն ծրագրերի համար ի սկզբանե նախատեսված է եղել հատկացնել 13 մլրդ 752 մլն դրամ, սակայն, ճշտված պլանով, հատկացվել է 12 մլրդ 310 մլն դրամ:
«Պետական աջակցություն սահմանամերձ տարածքներին» ծրագրի իրականացման համար հատկացվել է 927 մլն դրամ: Կատարողականը կազմել է 90,6 տոկոս:
Նախարարի խոսքով՝ այստեղ թերկատարում չկա. բնակիչների սպառած գազի, էլեկտրաէներգիայի և այլ ծախսերն այդքան են կազմել: Նախարարը ներկայացրել է նաև մյուս ծրագրերի կատարողականները: