Պետական գույքի արդյունավետ օգտագործման և մասնավոր գույքի վարձակալության ծախսերը նվազեցնելու համար մշակվել է պետական գույքի կառավարման ոլորտի հայեցակարգը: Դա բխում է Կառավարության 2021-26 թվականների ծրագրից: Շրջանառության մեջ դրված հայեցակարգով առաջարկվում է՝ պետական գույքի կառավարման ոլորտը կանոնակարգող օրենսդրության բարեփոխում, անշարժ գույքի վաճառքի կազմակերպման գործընթացում նոր գործիքակազմի ներդրում։
Առնակ Ավետիսյան (ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ) - Մենք ունենք գրանցված 10 հազար և ավելի միավոր անշարժ գույք պետական հաշվեկշռում և բազմաթիվ նաև գույքային միավորներ ունենք, որոնք պետական գրանցում չեն անցել ինչ-ինչ պատճառներով՝ տարիների ընթացքում: Իհարկե, հիմա մենք հավաքագրում ենք բոլոր էդ տվյալները, որպեսզի կարողանանք նաև մնացած ամբողջ պետական գույքի պատկերն ունենալ:
Պետգույքի արդյունավետ օգտագործումը, ըստ Առնակ Ավետիսյանի՝ տարիներ շարունակ ամենացավոտ թեմաներից է եղել, քանի որ համակարգային մոտեցումներ չեն ցուցաբերվել:
Առնակ Ավետիսյան - Մենք ունենք բավականին տխուր պատկեր իհարկե, բոլորս կարող ենք նկատել, մեր աչքերով տեսնել՝ պետական շինությունների, պետական հաշվեկշռում գտնվող շինությունների վիճակի, օգտագործման, դրանց արդյունավետության և այլնի վերաբերյալ, ինչպես նաև դրա կառավարման, տնտեսական շրջանառության մեջ դնելու պրոցեսների վերաբերյալ:
Պետգույքի կառավարման կոմիտեի առաջնահերթ խնդիրներից մեկը պետական միջոցների արդյունավետ տնօրինումն է, և կարևոր է, որ վարձակալության փոխարեն գերատեսչությունները պետության հաշվեկշռում առկա շենքերում գործունեություն ծավալեն:
Առնակ Ավետիսյան - Որպեսզի այլևս կարիք չլինի էդ ծառայությունների դիմաց որոշակի ծախսեր կատարեն: 2022 թվականի կտրվածքով՝ բյուջեով նախատեսված է եղել մոտ 400 մլն դրամի հասնող գումար պետական մարմինների կողմից տարածքների վարձակալության համար: Իհարկե, դրա մի մասը նախատեսված է, հնարավոր է չիրականացվի այդ ծախսը, դրա մի մասը նախորդ տարիներից եկող վարձակալություններն են: Իհարկե, գիտենք՝ նաև որոշակի հնչեղ դեպքեր ունենք մեծ գումարներով պետական մարմինների կողմից տարածքներ վարձակալելու, որոնք տարիների պատմություն ունեն: Մեր խնդիրը էդ երևույթը հնարավորինս քչացնելն է:
Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող «Հայարդնախագիծ» ընկերության շենքը, օրինակ, պատկանում է բնապահպանության նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին. այն երկար տարիներ վարձակալությամբ է տրամադրվում պետական տարբեր մարմինների:
Այս ամենին զուգահեռ ակտիվացվելու է նաև պետական գույքերի օտարման պրոցեսը: Այս առումով ևս հայեցակարգով նոր մեխանիզմներ են նախատեսված ներդնել: Գույքի զգալի մասի վիճակը բավականին վատ է և պետք է հավելյալ աշխատել դրանց գրավչությունը մեծացնելու համար:
Առնակ Ավետիսյան - Մասնավորապես՝ մենք դիմելու ենք, նաև արդեն բացելու ենք պետական գույքի օտարման հնարավորությունները ֆինանսական շուկաների համար, մասնավորապես՝ բաժնետիրական ընկերությունների ձևավորման միջոցով օտարման մեխանիզմների կիրառման որոշակի պրակտիկա ենք մտցնելու:
Այս պահին հազարավոր պետական շենքեր չեն օգտագործվում՝ նշում է Առնակ Ավետիսյանը, սակայն հստակ թվեր չկան, քանի որ վիճակագրություն չի վարվել: Այս տարի առաջին անգամ պետական գույքի մոնիթորինգ անելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել, որն ամեն օր այցելում է տարբեր պետական կամ մասնավոր մարմիններ, որոնք տնօրինում են պետական գույք, և մոնիթորինգ է իրականացվում գույքի արդյունավետ օգտագործման վերաբերյալ:
Այս պահին հայեցակարգի վերաբերյալ պետական գերատեսչություններից կարծիքներ են ստացվում, որից հետո հայեցակարգը հաստատման կներկայացվի Կառավարության նիստում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան