Ավարտվել է առերևույթ ապօրինի որդեգրումների վերաբերյալ գործի նախաքննությունը 11 անձի վերաբերյալ: 1 հայ երեխայի վաճառքի համար՝ 15-25 հազար եվրո. նորածինների ապօրինի որդեգրումներն իրականացրել է կազմակերպված խումբ. պարզվել են նրանց ինքնությունը, ամբողջ շղթան, յուրաքանչյուրի դերակատարումը, երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմը:
Մեղադրյալների թվում են նաև Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն ու նրա տեղակալը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հանցախմբի ղեկավարը իտալական մի շարք ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչն է, որը, ըստ մեղադրանքի, երեխաների վաճառքի համար ստեղծել է կազմակերպված խումբ, ընդգրկել տարբեր բնագավառներում և պետական կառույցներում աշխատող անձանց, որոնք օժանդակել են երեխաների ապօրինի որդեգրման գործընթացին:
Հանցախմբի ղեկավարին օժանդակողների թվում է արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետը, որին հասանելի են եղել որդեգրման ենթակա երեխաների տվյալները:
Տիգրան Կիրակոսյան (ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ) - Այդ տվյալները իր տրամադրության տակ ունենալուց հետո նշված անձը հնարավորություն է տվել կոնկրետ օտարերկրացիներին, որպեսզի կարողանան ընտրել որդեգրման ենթակա երեխաներից իրենց նախընտրելի սեռով այլ չափանիշներով երեխաներին:
Ըստ մեղադրանքի՝ գործակալության պետն ու աշխատակիցը որոշ դեպքերում անգամ շրջանցել են երեխա-որդեգիր պարտադիր հանդիպումը և իտալացիների դիմումներն ընդունել Իտալիայից: Խմբի ղեկավարին օժանդակողներից մեկն էլ «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրենն է, որն էլ իր հերթին տրամադրել է հաստատությունում գտնվող երեխաների վերաբերյալ տեղեկություններ, վերացրել որդեգրման կազմակերպմանը հասնելու ճանապարհին հնարավոր խոչընդոտները:
Տիգրան Կիրակոսյան - Դեպքեր ենք ունեցել, որ որդեգրող թեկնածու ծնողները չեն այցելել և չեն տեսակցել կոնկրետ երեխաների հետ, բայց էդ երեխաների հետ կապված համապատասխան նամակագրություններ է վարվել մանկատան տնօրենի կողմից իր վերադասին, որ այդ ծնողները իբր այցելել են այդ երեխաներին և տեսակցել ու չեն ցանկացել որդեգրել:
Ըստ քննիչի` սա է պատճառը, որ երեխաները ոչ թե որդեգրվել են Հայաստանի քաղաքացիների, այլ օտարերկրացիների կողմից: Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ «Մանկան տան» տնօրենը որոշ դեպքերում երեխաների առողջական վիճակը ներկայացրել է բարդացած, հետին ամսաթվով փաստաթղթեր է կազմել, այդպիսով խոչընդոտել Հայաստանի քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումը:
Հատուկ սցենարով են աշխատել նաև Հանրապետական ծննդատան տնօրենն ու տեղակալը:
Տիգրան Կիրակոսյան - Խմբի կազմում ընդգրկված բուժաշխատողների դերակատարությունը երեխաների վաճառքին դրսևորվել է օժանդակությամբ կրկին, որն արտահայտվել է, ինչպես նախաքննությունն է պարզել, կոնկրետ հղիների արտաամուսնական կամ այլ ցանկալի հղիությունները վաղաժամ ծննդալուծելով՝ մտացածին հիմքերով:
Վաղաժամ ծննդաբերությունները կանխելու նպատակով պատշաճ բուժմիջամտություն կազմակերպելու փոխարեն «ընդառաջ են գնացել հղիների՝ վաղաժամ ծննդալուծվելու խնդրանքին». ծննդաբերությունը խթանող դեղերով ու շտապօգնության կեղծ կանչերով ընդունել են նրանց և իրականացրել ծննդալուծումները՝ հավելում է քննիչը:
Տիգրան Կիրակոսյան - Արդյունքում նորածինները ծնվել են որոշակի ախտաբանական հատկանիշներով:
Այդ կերպ չեզոքացվել է Հայաստանի քաղաքացիների կողմից նորածինների որդեգրումը՝ մեծացնելով օտարերկրացիների որդեգրման հնարավորությունը: Հանրապետական ծննդատան փոխտնօրենն էլ, ըստ մեղադրանքի, կազմել է այդ երեխաների էպիկրիզները, հավաքագրել անհրաժեշտ փաստաթղթերը և նրանց տեղավորել մանկատանը: Որոշ դեպքերում էլ, երբ ծնողը չի ցանկացել հրաժարվել երեխայից, նորածնին ներկայացրել են առողջական լուրջ խնդիրներով կամ հաշմանդամությամբ:
Քննության տվյալներով` 2005-2019 թվակններին երեխաների որդեգրման գործընթացը կազմակերպելու համար խմբի ղեկավարին փոխանցվել է 1 միլիոն 200 հազար եվրո: Ընդհանուր առմամբ՝ 2007-ից մինչև 2020 թվականն արտասահմանում որդեգրվել է ավելի քան 500 հայ երեխա, նրանցից 100-ը՝ Իտալիա, և հենց այս 100-ից 20-ը որդեգրման անվան տակ վաճառվել են հանցախմբի կողմից:
Հանցախմբի ղեկավարն ու անդամները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան