2021 թվականի ընթացքում զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ ծախսվել է շուրջ 1.7 միլիարդ դրամ, որը ներառել է նաև պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ուղղությամբ ծախսերը, որից 209.5 միլիոն դրամն ուղղվել է պատերազմի ազդեցության մեղմմանը: Այս մասին աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Անապահով սոցիալական խմբերին աջակցության, անաշխատունակության դեպքում սոցիալական աջակցության, ժողովրդագրական վիճակի բարելավման ուղղությամբ պետական բյուջեի միջոցներից ծախսվել է շուրջ 78.3 միլիարդ դրամ, որից 30.4 միլիարդ դրամն ուղղվել է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներին»,- ասաց Մկրտչյանը:
Նախարարը նշեց, որ կենսաթոշակային ապահովությանն ուղղվել է շուրջ 377.6 միլիարդ դրամ: