Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Արամ Խաչատրյան» համերգասրահում մթնոլորտը վրացական է: Հայկական բեմում Թբիլիսիի պետական համալսարանի պարի և վոկալ-գործիքային խմբերն են, հանդիսատեսը՝ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները:
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ 30-ԱՄՅԱ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսպես Հայաստանում նշում են Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Թբիլիսիում բացվել է 1993 թ. հուլիսից, իսկ 2008 թ. ապրիլին Բաթումում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Պարույր Հովհաննիսյան (ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ) - Հարևան և բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնություններից է, և դրա համար գոյություն ունեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները:
Արտաքին գործերի նախարարի տեղակալը հիշեցրեց՝ Վահագն Խաչատուրյանի՝ Հայաստանի նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական այցը հենց բարեկամ Վրաստան էր, շեշտեց՝ դա Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունների ամենախոսուն վկայություններից է:
Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն ընդգծեց՝ այս տարի ոչ թե 2 երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման, այլ վերականգնման 30 -ամյակն է, իսկ բարեկամությունը պատմության խորքերից է գալիս:
Իրակլի Կվանճախաձե (ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար) - Վրաստանի և Հայաստանի ներկայիս հարաբերությունները բնութագրվում են առանձնահատուկ դինամիզմով: Այս դինամիզմը հիմնված է երկու երկրների վարչապետnերի անձնական բարեկամության վրա, որը հետագայում կիսել են նրանց գլխավորած կառավարությունների անդամները: Այն ավելի է ամրապնդում վրաց և հայ ժողովուրդների միջև պատմականորեն սերտ, բարեկամական կապերը:
Ի դեպ, Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված է միջխորհրդարանական բարեկամական խումբ: Երկու երկրների միջև գործում է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, որի 11-րդ նիստը 2021 թ. դեկտեմբերին էր Թբիլիսիում:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան