5 ամսում՝ 761.8 մլրդ դրամ հարկեր և տուրքեր: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է բյուջեի հարկային եկամուտների և տուրքերի մասին ընթացիկ տարվա հունվար-մայիսի տվյալները: 5 ամսում պլանավորվել էր հավաքագրել 714.9 մլրդ դրամ, սակայն ցուցանիշը գերակատարվել է 46.9 մլրդ-ով: Հավաքագրված գումարը (761.8 մլրդ դրամ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 23.2, 2020 թվականից՝ 30.5, 2019-ից՝ 33.4, իսկ 2018 թվականի ցուցանիշից՝ 68.8%-ով:
Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Պլանի գերակատարման այսպես ասած գաղտնիքը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորման ժամանակ պետական բյուջեի հիմքում դրվել 1 տնտեսական աճի որոշակի կանխատեսում: Դա 7 տոկոսանոց կանխատեսման ցուցանիշն է, իսկ էս առաջին 4-5 ամիսների տվյալներով մեր ունեցած տնտեսական զարգացումները շատ ավելի բարձր են, և էս բարենպաստ տնտեսական զարգացումները հիմք են ստեղծել, որ հարկային մարմինների կողմից հավաքագրվի գրեթե համաչափ ավել եկամուտ:
Հարկային եկամուտների հավաքագրման ներկայիս տեմպը դրական է, համեմատելի նաև ծառայությունների ոլորտում գրանցված աճի հետ՝ նշում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Այլ գործոններ ևս նպաստել են հավաքագրումների աճին:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Ստվերի վերացման գործոնը նաև կարող ենք հաշվի առնել, որովհետև, ինչպես տեսնում ենք, այս ռուս-ուկրաինական հակամարտության առկայության պայմաններում բավական տնտեսական մարտահրավերներ են ծավալվել, այսինքն՝ այս պայմաններում, ընդհակառակը, պետք է նկատվեր հարկային եկամուտների որոշակի նվազում, օրինակ՝ արտահանման ոլորտը, ներմուծումը և այլն, սակայն մենք տեսնում ենք, որ թե՛ տնտեսական աճի ցուցանիշներով, թե՛ հարկային հավաքագրումների ցուցանիշներով դա տեղի չի ունեցել»:
Պետք է հաշվի առնել նաև, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ից աշխատողների վճարած եկամտային հարկը 1 տոկոսով նվազել է, այսինքն՝ այդ հարկատեսակի գծով նվազել է պետության կողմից ստացվելիք եկամուտը:
Հայկ Բեջանյան - Եթե էս պայմաններում մենք ունենում ենք հարկային եկամուտների հավաքագրման ավելի բարձր մակարդակ, սա խոսում է այն մասին, որ մենք նաև վարչարարության առումով բավականին դրական զարգացումներ ունենք, այսինքն՝ նույն հարկման բազայի հիման վրա մենք կարողանում ենք հիմա շատ ավելի մեծ եկամուտներ հավաքագրել, քան նախկինում:
Չնայած աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված տնտեսական աճի կանխատեսումների նվազմանը, այնուամենայնիվ, մեր երկրում այս պահին թե՛ տնտեսությունը, թե՛ հարկային հավաքագրումները սպասվածից ավելի լավ տեմպով են ընթանում:
Կարեն Սարգսյան - Եթե գնաճի գործոնը հաշվի չառնենք, կարծում եմ՝ համաչափ աճում է տնտեսությունը հարկային եկամուտների հետ: Եթե գնաճի գործոնը այստեղ ի հայտ է գալիս, ապա դրանով հարկային եկամուտները մի փոքր գերազանցում են այդ աճի տեմպերը:
5 ամսում հարկային հավաքագրումներին զուգահեռ՝ եկամտային հարկի գծով քաղաքացիներին վերադարձվել է 16 մլրդ դրամ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան