Մոլդովան բանակցում է արևմտյան երկրների հետ մահաբեր զենք ստանալու հարցի շուրջ։ Այդ մասին Moldova 1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի վարչապետ Նատալյա Գավրիլիցան։ Նա պարզաբանել է, որ բանակցությունները նախնական են, և այժմ Մոլդովայի ղեկավարությունը որոշում է, թե արդյոք անհրաժե՞շտ են նման մատակարարումներ։
«Մենք չեզոքություն ենք պահպանում, բայց դա հավասարազոր չէ մեկուսացման»,- ասել է Գավրիլիցան: «Չեզոքությունը ենթադրում է նաև մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու կարողություն: Մենք պետք է հոգ տանենք ազգային բանակի անվտանգության և արդիականացման մասին»: Վարչապետը խոստովանել է, որ մոլդովական բանակի տրամադրության տակ գտնվող զինատեսակները հիմնականում հնացել են, և այժմ երկիրը պետք է «վերականգնի կորցրածը»՝ հաշվի առնելով «նոր մարտահրավերներն ու սպառնալիքները»։
Ըստ Նատալյա Գավրիլիցայի՝ Քիշնևն արդեն դիմել է ՆԱՏՕ-ի երկրներին ոչ մահաբեր ռազմական տեխնիկայի համար: Այդ մատակարարումները նախատեսված են ամրապնդելու Մոլդովայի սահմանները և վերազինելու Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայությունը։