Այսօր ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը։
Գրանցվեց 33 պատգամավոր, քվորում չեղավ:
Ընդդիմությունից ներկա չէր Արթուր Վանեցյանը. նա տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի շենքի առջև հավաքված քաղաքացիների կողքին կլինի:
««ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորհների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տեղեկացրել էր՝ չի մասնակցելու Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված ԱԺ արտահերթ նիստին:
Ազգային ժողովից ընդդիմադիր պատգամավորները գնացել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանի կոչով շարժվել են Կառավարության շենք, ապա կառավարական ամառանոց:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, ըստ որի՝ ժամը 16:23-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում եղել է մոտ 2870 մարդ: