Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհի ավելի քան 2 կմ-անոց հատվածը շուտով հեշտ երթևեկելի կինի: Մոտ մեկ ամիս է՝ Ճանապարհային դեպարտամենտն այստեղ նորոգման աշխատանքներ է իրականացնում պետբյուջեի ֆինանսավորմամբ:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Իրականացվելու է հիմքի տեղադրում և երկշերտ ասֆալտբետոնի տեղադրում: Ֆինասավորվում է պետական միջոցներով, պայմանագրային արժեքը 305 մլն դրամ է:
Ճանապարհը 20 սմ խորությամբ մաքրում են հողից ու խճապատում, իսկ վերին՝10 սմ-անոց շերտը լցնում-հարթեցնում են խոշորահատիկ և մանրահատիկ ասֆալտբետոնով: Մոտ 600 մետր արդեն ասֆալտապատել են: Երբևէ մայթ չունեցող ճանապարհին նաև մայթեր են կառուցում, եզրաքարեր տեղադրում, հին առուները նորոգում, իսկ որտեղ դրանք չկան՝ նորն են բացում: Հիմնանորոգվող ճանապարհը, մասնագետների պնդմամբ, երկար կյանք կունենա:
Ռուբիկ Մելքոնյան (տեխնիկական պատասխանատու) - Ես այնքանով եմ երաշխավորում, որ կատարված աշխատանքները նորմատիվներին համապատասխանում են: Տրված է 10-15 տարի, կդիմանա:
Զարթոնքցիները, որ անհիշելի ժամանակներից ասֆալտի երես չեն տեսել, ուրախ են. այլևս փոշի չեն շնչի, փռած լվացքն էլ չի կեղտոտվի: Իսկ ի՞նչ անել գերբեռնված մեքենաների հետ, որոնք այս ճանապարհով հաճախ են անցնում և վնասում ասֆալտը:
Գևորգ Կարախանյան (Զարթոնք համայնքի բնակիչ) - Եթե 60 տոննայանոց մեքենա վրայով անցնի, մի տարի հետո կփչանա:
Խնդրի կարգավորմամբ զբաղվում են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսուչները, բայց ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի կարծիքով՝ վատ չէր լինի, եթե բնակիչներն էլ կարողանան պահպանել եղածը:
Հիմնանորոգման որևէ ծրագրում ընդգրկված չէ Զարթոնքն ու ևս 6 գյուղ Մեծամորին կապող՝ 11 կմ-անոց այս ճանապարհը: Երկու տարի առաջ Զարթոնքի ղեկավարությունն այն նորոգելու հայտ էր ներկայացրել Կառավարություն: Բայց քանի որ նախագծային խնդիրներ են եղել, առաջարկվել էր կրկին ներկայացնել՝ շտկումներից հետո: Չեն արել, որովետև համայնքները միավորվել են, իսկ հարցը տեղափոխվել է Մեծամոր խոշորացված համայնք:
Սամվել Աղաջանյան (Զարթոնքի վարչական ղեկավար) - Դա միայն Զարթոնքի ճանապարհը չէ, նաև Արտաշարի և այլ համայնքների ճանապարհն է:
Զարթոնքում պատրաստ են մեկ անգամ էլի հայտ ներկայացնել ճանապարհի նորոգումը որևէ ծրագրում ներառելու համար:
Բայց հիմա արդեն գործին պետք է մասնակցեն խոշորացված մյուս համայնքները ևս: