Ինչպե՞ս են Կենտրոնական Եվրոպայում հետևում բնության պահպանությանը, ինչպե՞ս եվրոպական հաջողված փորձը կիրառել Հայաստանում: Այս հարցերի պատասխանները գտնելու համար Չեխիայում էին Հայաստանի բնապահպանական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արսեն Գասպարյան (ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար) - Հետխորհրդային որոշակի ժամանակաշրջան է ունեցել Չեխիան, և խնդիրները բավական նման են, կարելի է տեսնել, վերցնել դրական փորձը: Խոսքը առաջին հերթին բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման մասին է, տարբեր մոտեցումների տեսանկյունից, կենսաբազմազանության մոնիթորինգի և այլ գործիքներ, որոնք կարող ենք կիրարկել Հայաստանում:
Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո մեր երկիրը հանձն է առել իրականացնել կենսաբազմազանության պաշտպանության բարելավմանն ու կայուն օգտագործմանն ուղղված միջոցառումներ։
Տոմաշ Ռուժիչկա (Չեխիայի բնության պահպանության գործակալության ներկայացուցիչ) - Կարծում եմ՝ ձեզ օգտակար կլինի մտածել որոշ նոր մասնագիտացված ենթակառուցվածքների մասին, որոնք կօգնեն բնապահպանության հարցում: Մենք Շրջակա միջավայրի նախարարությանն առաջարկում ենք օրենսդրական փոփոխություններ իրականացնել՝ համապատասխանեցնելով ազգային օրենսդրությունը Եվրամիության չափորոշիչներին:
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը քննարկման փուլում է: Գործող օրենքով սահմանված է բնության պահպանվող տարածքների 4 կատեգորիա՝ արգելոց, արգելավայր, ազգային պարկ և բնության հուշարձան։ Կատեգորիաների բաժնում կա բաց:
Արսեն Գասպարյան - Պահպանվող լանդշաֆտի մասին է խոսքը: Մեզ մոտ բնության հատուկ պահպանվող տարածքների մասին նոր օրենքի նախագծում նախատեսվում է դա ավելացնել:
Չեխիայում այդպիսի՝ Պալավա պահպանվող լանդշաֆտային տարածք այցելեցին նաև մեր մասնագետները:
Տոմաշ Ռուժիչկա - Չեխիա հրավիրելով՝ ուզում ենք մեր հայ գործընկերներին ցույց տալ բնության պահպանության չեխական օրինակը: Չեխիայում կա 24 արգելոց, 790-ից ավելի հատուկ պահպանվող վայր, որոնց կառավարումն իրականացնում է Բնության պահպանության գործակալությունը՝ իր 14 մասնաճյուղով:
Չեխական փորձին ծանոթանալու համար պատվիրակությունը, սեմինար-քննարկումներից բացի, նաև այցելեց Չեխիայի հարավում գտնվող ազգային պարկեր, հատուկ պահպանվող տարածքներ: