Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհում կրոնական ազատության մասին իր ամենամյա զեկույցը։ Փաստաթղթի «Ադրբեջան» բաժնում հիշատակվում են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետևանքների» վերաբերյալ բանաձևում տեղ գտած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տասնյակ հայկական եկեղեցիների, վանքերի, այդ թվում՝ Դադիվանք վանական համալիրի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ կոթողների ապագայի վերաբերյալ: Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը հայ ուխտավորներին բազմիցս մերժել է մուտք գործել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում գտնվող վանական համալիր։
Զեկույցում նշվում է, որ հայկական մշակութային ժառանգությունը այսպես կոչված «կովկասյան ալբանական» ժառանգությամբ փոխարինել Ադրբեջանի պետական մակարդակով հնչող նարատիվը մտահոգիչ է:
Հեղինականերն ընդգծում են, որ վերջին շրջանում բազմաթիվ հաղորդումներ են ստացվել Ադրբեջանի կառավարության կողմից հայկական ժառանգության դեմ դիտավորյալ գործողությունների, ինչպես նաև մշակութային և կրոնական օբյեկտների նկատմամբ վանդալիզմի դեպքերի մասին:
ԲԱՅԴԵՆԸ ՉԻ ԲԱՑԱՌԵԼ, ՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐ ԿՏԵՎԻ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը ողջունել է Ֆինլանդիային և Շվեդիային արագացված ընթացակարգով Դաշինք ընդունելուն ուղղված ջանքերը, նշել՝ այդ հարցում պետք է հաշվի առնել նաև ՆԱՏՕ-ի բոլոր անդամների շահերը։
Կողմերը քննարկել են Ուկրաինայում պատերազմի ազդեցությունը անդրատլանտյան անվտանգության վրա, ինչպես նաև ընդգծել ՆԱՏՕ-ի զսպող և պաշտպանական կարողությունների ամրապնդման կարևորությունը։ Ստոլտենբերգը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակը կկարգավորվի միայն բանակցությունների սեղանի շուրջ, ինչի համար Կիևին պետք է Դաշինքի աջակցությանը։ Նա չի բացառել, որ հակամարտությունը դեռ երկար կտևի։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իր հերթին, հայտարարել է, որ Անկարան Հելսինկիից և Ստոկհոմից ակնկալում է գրավոր երաշխիքներ, որոնց համաձայն սկանդինավյան երկու երկրները կպարտավորվեն դադարեցնել աջակցությունն ահաբեկչական կազմակերպություններին։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, Թուրքիան «այո՛» չի ասի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Դիվանագետը նաև կոչ է արել վերացնել Անկարային պաշտպանական արտադրանքի մատակարարման սահմանափակումները։
ՄՈՍԿՎԱՅԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մոսկվային անհանգստացնում են Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու մասին Անկարայի հայտարարությունները։ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Թուրքիան զերծ կմնա արաբական հանրապետությունում իրավիճակի վատթարացմանը հանգեցնող գործողություններից։ Հակառակ դեպքում Անկարայի գործողությունները կդիտարկվեն որպես Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղղակի խախտում։
«Այնուհանդերձ, ռուսական կողմը հասկանում է Թուրքիայի մտահոգությունները՝ երկրի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգերի հետ կապված։ Կարծում ենք՝ Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանին հնարավոր է անվտանգություն ապահովել դրան հարակից գոտում Սիրիայի անվտանգության ուժերի անձնակազմի տեղակայման միջոցով», - ընդգծել է Մարիա Զախարովան։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան էլ նշել է, որ Արևմտյան երկրները չեն կատարում Սիրիայում անդրսահմանային աջակցության մեխանիզմով նախատեսված իրենց պարտավորությունները, ինչը Ռուսաստանին դուր չի գալիս։
ԲԵՌԼԻՆԸ ԿՈՂՄ Է ԵՄ-ԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Բեռլինը կողմ է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը՝ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։
«Այժմ մենք պետք է ապացուցենք Ուկրաինային, որ նրա առաջ դուռ չենք փակի։ Սակայն զիջումներ չեն արվի», - ընդգծել է Աննալենա Բերբոքը՝ անդրադառնալով երկրին արագացված ընթացակարգով ԵՄ ընդունելու հնարավորությանը։
Դիվանագետը ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Ուկրաինայի իշխանություններին և ժողովրդին, խոստացել լրացուցիչ զենք մատակարարել։
«ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ կվերակազմավորենք մեր պաշտպանությունը։ Սակայն խաղաղությունն իր գինն ունի»,- եզրափակել է Բերբոքը։
ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ ԿԱՐԳԵԼՎԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ
Մոլդովայի խորհրդարանն ընդունել է հանրապետությունում ռուսական մի շարք հաղորդումների հեռարձակումն արգելող օրենք։ Փաստաթղթի համաձայն՝ սահմանափակվում է այն երկրների տեղեկատվական, ռազմական, քաղաքական և վերլուծական հաղորդումների վերահեռարձակումը, որոնք չեն վավերացրել Անդրսահմանային հեռուստատեսության մասին եվրոպական կոնվենցիան: Երկրում նման արգելք գործել է նաև 2017ից- 2020 թվականներին։
Մոլդովան նաև ԵՄ երկրների հետ նախնական քննարկումներ է անցկացնում մահաբեր և ոչ մահաբեր զենքի մատակարարման հարցի շուրջ՝ հայտնել է հանրապետության վարչապետը՝ շեշտելով՝ նպատակը ստեղծված պայմաններում երկրի սահմանների ամրապնդումն է։