ԲԱՆԱԿԻՑ ԶՈՐԱՑՐՎՈՂՆԵՐԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՕԳՆԻ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼ
Բանակից զորացրվող զինծառայողներին պետությունը կօգնի աշխատանք գտնելու հարցում: Զորացրումից մեկ ամիս առաջ Միասնական սոցիալական ծառայությունը կուսումնասիրի զինվորի կարիքները, ինչը կհեշտացնի ծառայությունն ավարտած անձի վերասոցիալականացման գործընթացը:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Երբ որ նա կզորացրվի, պետությունն արդեն կունենա նրա մասին տեղեկատվություն, թե ինչ հմտություններ, ինչ կրթություն, ինչ ցանկություններ ունի, օրինակ՝ ընդունվել է ինչ-որ համալսարան, սակայն այդ երկու տարվա ընթացքում որոշել է, որ պետք է, օրինակ, ծրագրավորող դառնա: Եվ եթե մեկ ամիս շուտ այդ տվյալներն ունենանք, կճանաչենք, կհասկանանք, թե 20 տարեկան ակտիվ երիտասարդների համար, որոնք վերադառնում են հասարակություն, տնտեսական ակտիվացման ի՞նչ ծրագրեր կարող ենք իրականացնել:
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ՝ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ազգային ժողովում պետական բյուջեի 2021 թվականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջնորդությամբ 2021 թվականին աշխատանքի է տեղավորվել 10 հազար 117 անձ, զբաղվածության պետական կարգավորման ծրագրում ընդգրկվել 3486 շահառու: Զբաղվածության ապահովման ծրագրեր են իրականացվել նաև պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստանում հաստատված քաղաքացիների համար:
Նարեկ Մկրտչյան - Իրականացվել են վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման և աշխատանքային փորձի ձեռքբերման միջոցառումներ, որոնցում ընդգրկվել է 473 անձ:
ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ. ՍԱՆՈՍՅԱՆ
Ժամանակավորապես աշխատանքները դադարեցրած Թեղուտի հանքավայրի աշխատակիցներն էլ, օրենքով սահմանված կարգով, վարձատրվում են՝ վստահեցրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին՝ Գնել Սանոսյանը հայտնեց՝ հանքավայրը հումքի արտահանման և վերազինման խնդիրներ ուներ:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Խտանյութի արտահանման հետ կապված խնդիրները, կարծես, կարգավորել են, և հունիսի 10-ից, եթե ճիշտ եմ հիշում, իրենք խտանյութն արդեն կարտահանեն, որն էլ կբերի այն բանին, որ 20 օր, մի ամսվա մեջ կսկսի աշխատել:
ԵՐԵՎԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Պատգամավորներին հետաքրքրող հաջորդ թեման մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցումն էր: Առաջիկա օրերին կսկսվեն նախագծման աշխատանքները,- ասաց Երևանի քաղաքապետը:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Ենթադրվում է, որ հաջորդ տարի այս ժամանակահատվածում արդեն կունենանք պատրաստի նախագիծ, որը հնարավորություն կունենանք արդեն փորձաքննության ենթարկել, որից հետո արդեն նոր պետք է մրցույթ հայտարարենք շինաշխատանքների ձեռքբերման համար:
Հրաչյա Սարգսյանը հայտնեց՝ շարունակվում է նաև մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի արդիականացումը: Անկնալվում է, որ մինչև տարեվերջ Երևանը կունենա 8.6 մետրանոց 150 նոր ավտոբուս:
Հրաչյա Սարգսյան - Ընդհանուր առմամբ, մենք կունենանք շուրջ 650 ավտոբուս, որոնք սպասարկում են համայնքի անունով, մինչև տարեվերջ, և հաջորդ տարի 87 ավտոբուս էլ, արդեն 12 մետրանոց, սպասում ենք, որ գան:
ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը ԿՆՔԵԼ ՄԹԵՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ. ՔԵՐՈԲՅԱՆ
Խորհրդարանականներն անդրադարձան նաև գյուղատնտեսության ոլորտին: Հանձնաժողովի նիստը համանախագահող Վահե Ղալումյանը Էկոնոմիկայի նախարարից հետաքրքվեց՝ ինչպես է այս տարի կազմակերպվելու խաղողի մթերման գործընթացը: Վահան Քերոբյանն էլ աճեցնողներին կոչ արեց մինչև հուլիսի 1-ը կնքել մթերման պայմանագրերը:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Այս տարի մենք պայմանագրերի նախնական կնքման մեխանիզմ ենք դրել և միայն նախօրոք կնքված պայմանագրերի պարագայում ենք սուբսիդավորելու մթերման վարկերը:
Էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է նաև Վերին Լարսի անցակետում գտնվող հայկական բեռնատարների հարցը: Քերոբյանը նշեց՝ վերջին ամիսներին կտրուկ մեծացել է անցակետով բեռնափոխադրումների ծավալը, ռուս գործընկերների հետ բանակցում են հայկական բեռնատարներին անցնելու առաջնահերթություն տալու համար:
Վահան Քերոբյան - Այսօր Վրաստանում մենք 1000-ից ավելի բեռնատար փոխադրամիջոց ունենք հայկական ապրանքներով, նաև գիտենք, որ հայ արտահանողները մեծ վնասներ են կրում արագ փչացող ապրանքների մասով:
Կառավարությունը բեռնափոխադրումների այլընտրանքային ուղիներ էլ է փնտրում: Դրանցից մեկը՝ հայկական բեռները Ռուսաստան տեղափոխելու համար վարձակալված լաստանավը, ըստ Քերոբյանի, կգործի հունիսի 15-ից:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան